Վրաստանի քաղաքացի Իրինա Բարբակաձեն վերջերս Վրաստանի խորհրդարանին առաջարկել էր կանանց համար պարտադիր դարձնել զինվորական ծառայությունը:
Այս առիթով Իրինա Բարբակաձեն օրինագիծ է մշակել և ներկայացրել խորհրդարանին այս տարվա հունվարի 30-ին: Իրինան հենվելով ՛՛Սեռային հավասարության՛՛ օրենքի սկզբունքներին և դրույթներին, կարծում է, որ մեզանում պետք է ձևավորվի զինծառայողուհի (ջառիսիքալի) հասկացողությունը, և կանայք պետք է պարտադիր զինծառայություն անցնեն:
Ըստ նրա՝ նման օրինագծի նպատակը Վրաստանի զինված ուժերի հզորացումը, պաշտպանունակության ամրապնդումը, տարածքների վերադարձն ու հայրենիքի միավորումն է: Գործող օրենսդրության համաձայն՝ պարտադիր զինվորական զինծառայություն են անցնում 18-27 տարեկան տղամարդիկ: Բանակում ծառայելու իրավունք ունեն կանայք, բայց ըստ ցանկության:
Թե ինչպես են վերաբերում այն հանգամանքին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, որ կանայք էլ ծառայեն բանակում, այս առիթով Նոր Ռադիոյի լրագրողը հարցում է անցկացրել: Հարցվածներից շատերը դեմ են արտահայտվել այս օրինագծին: Նրանց կարծիքով պարտադիր զինծառայություն պետք է անցնեն տղամարդիկ, իսկ կանայք պետք է մայրություն անեն և զբաղվեն տնային տնտեսությամբ:
Անաիտ Զալալյան