Երևանում կկառուցվի ակադեմիական քաղաք՝ 16 բուհով

Երևանում կկառուցվի ակադեմիական քաղաք՝  16 բուհով

Հայաստանի կառավարությունը որոշել է Ակադեմիական քաղաքն ի վերջո կառուցել Երևանում, մասնավորապես՝ Երևանի 17-րդ թաղամասում։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով Ակադեմիական քաղաքի հայեցակարգը։

«Պետք է հնարավորություն լինի տարածքում տեղակայելու մինչև 16 բուհ՝ 8 պետական խոշորացված բուհեր ու 8 մասնավոր, միջազգային բուհեր։ Լինելու են 4 կլաստերներ՝ տեխնոլոգիական, արվեստի, կրթական ու սպայական»,- ասել է Ժաննա Անդրեասյանը, հայտնում է CivilNet.am-ը։

Նա նշել է, որ նախատեսվող կլաստերները հարելու են Մ1 մայրուղուն, իսկ Երևանի հետ կապը ապահովվելու է երկաթգծային տրանսպորտի միջոցով։

«Ակադեմիական քաղաքում տեղաշարժը կազմակերպվելու է էլեկտրոնային տրանսպորտով, հեծանիվներով ու այլ եղանակներով։ Այստեղ բնակվելու ու աշխատելու է 44,000 մարդ։ Այս տարածքում է նախատեսվում հիմնել նաև ազգային ստադիոն՝ մինչև 35,000 հանդիսատեսի համար»,- հայտարարել է նախարարը։

Ակադեմիական քաղաքի մյուս տեղամասը, որն ըստ կառավարության պատկերացման ավելի շատ պահեստային տարածք է դիտարկվում, «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն է, որը գտնվում է Աշտարակի խճուղում։

Նոյեմբերին Լոնդոն է այցելելու Հայաստանից պատվիրակություն՝ Լոնդոնի արվեստների թանգարանի հետ քննարկումների համար, որը վերաբերելու է արվեստների կլաստերին։

Ակադեմիական քաղաքի կառուցումն ըստ ժամանակցույցի ունենալու է 3 փուլ՝ հոկտեմբերից մինչև 2025-ի սեպտեմբեր կլինի դրա նախագծման գործընթացը, 2025-ի հոկտեմբերից մինչև 2029-ի դեկտեմբեր շինարարական աշխատանքները կսկսվեն ու կավարտվեն, 2030-ից էլ կսկսվի Ակադեմիական քաղաքի ամբողջական շահագործումը։

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ չի հստակեցրել, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու քաղաքի կառուցումը, որքան է արժենալու ամբողջ ծրագիրը։

«Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է։ Ունենք պլանավորումներ ֆինանսավորման սխեմաների մասին»,- ասել է նա։