Աբաշիձե. Վրաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպում դեռեւս չի նախատեսվում

Աբաշիձե. Վրաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպում դեռեւս չի նախատեսվում

Վրաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպում դեռեւս չի նախատեսվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ ներկայացնելով վերջերս Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման արդյունքները:

Աբաշիձեի խոսքով, հաշվի առնելով, որ սա նման ձեւաչափով առաջին հանդիպումն էր, կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, այն «վատ չի անցել» եւ ընթացել է գործնական մթնոլորտում:Խոսելով հետագա հանդիպումների մասին, Աբաշիձեն ասել է, որ ինքն ու Կարասինը նախատեսում են հանդիպել 2-3 ամիսը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախակի: «Չի բացառվում, որ այդ բանակցություններին միանան նաեւ այլ դեմքեր»,-ասել է նա:Միաժամանակ, Աբաշիձեն ընդգծել է, որ ինչպես ցույց է տվել առաջին հանդիպումը, Ռուսաստանի հետ երկխոսություն հնարավոր է: Նրա խոսքով, «Ռուսաստանի հետ երկխոսություն վարելը Վրաստանի բնակչության պահանջն է», որին աջակցում են նաեւ Վրաստանի երեւմտյան գործընկերները: «Մենք չենք կարող Ռուսաստանի հետ մշտական հակամարտության մեջ լինել: Ես անձամբ չգիտեմ մեկ այլ երկիրը, որը նույնպիսի հարաբերություններ ունենա ՌԴ-ի հետ, ինչպիսին հիմա ունի Վրաստանը»,-ընդգծել է Աբաշիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:Աբաշիձեն չի համաձայնել մի շարք ռուս փորձագետների կարծիքին, թե ռուս-վրացական հարաբերությունների նորմալացման հիմնական խոչընդոտը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: «Մեզ համար գաղտնիք չէ, որ ռուսական կողմը չի ցանկանում երկխոսություն սկսել պարոն Սահակաշվիլիի հետ, բայց ես երբեք չեմ կարծել ու հիմա էլ չեմ կարծում, որ եթե մեր երկրների միջեւ դժվարություններ կան, դա պայմանավորված է միայն անձանցով: Կան նաեւ այլ լուրջ բարդություններ եւ խոչընդոտներ, քանի որ ես երեխա չեմ եւ լավ հիշում են 1990-ական թվականները»,-ընդգծել է վրացի պաշտոնյան:Հիշեցնենք, որ Կարասինն ու Աբաշիձեն հանդիպել են դեկտեմբերի 14-ին, Ժնեւում, վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման շրջանակներում, վրացական կողմի նախաձեռնությամբ: NEWS.am



Opinion, pooling and voting