Վրաստանը չի մասնակցելու Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը, RadioTavisupleba-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ):
Ըստ տեղեկությունների՝ «3+3» ձևաչափով հանդիպումը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ չի պատրաստվում մասնակցել այդ նախաձեռնությանը։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին, որին նույնպես պաշտոնական Թբիլիսին չի մասնակցել: Հանդիպմանը, սակայն, ներկայացվել է նաև Վրաստանի դրոշը, ինչի դեմ Թբիլիսին բողոքել է։
Ուշագրավ է նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար Վրաստանը բանակցությունների սեփական ձևաչափն է առաջարկել Ադրբեջանին և Հայաստանին։ aliq.ge