Կարտոֆիլի գինը անհանգստացնում է գյուղացիներին

Կարտոֆիլի գինը անհանգստացնում է գյուղացիներին

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվում է կարտոֆիլի բերքահավաքը։ Նախնական տվյալներով, բերքահավաքը 90 տոկոսով ավարտված է։ Կարտոֆիլ գնողները քիչ են, գյուղացիները գոհ չեն առաջարկվող գնից և չեն շտապում վաճառել կարտոֆիլը։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․

Մունիցիպալիտետում, ըստ ֆերմերների, մնացել է հավաքել կարտոֆիլի բերքի միայն 10 տոկոսը։ Գյուղերի մեծ մասում բերքահավաքն արդեն ավարտվել է, տեսակավորման ու պահպանման գործընթացը շարունակվում է։ Ֆերմերները կարտոֆիլի բերքատվությունը գնահատում են միջին, նրանց անհանգստացնում է կարտոֆիլի գինը, շուկայում տիրող իրավիճակը։ Գյուղացիներին չի գոհացնում կարտոֆիլի շուկայական գինը։

Կարտոֆիլի այս տարվա բերքատվությունը կախված է կարտոֆիլի սորտից, վաղահաս կարտոֆիլի սորտերը հիվանդացել են ֆիտոֆտորա հիվանդությամբ, իսկ մյուս սորտերը ունեն միջին բերքատվություն:

Կորխ գյուղից Իրիցյան Մեսրոպն ասում է, որ ֆիտաֆտորան 20-30%-ով փչացրել է իր բերքը։ Նա կարտոֆիլ ցանել է 3 հա 70 հար տարածքում։

«1,5 հեկտարից լավ բերք չունեմ, 2,20 հեկտարից նորմալ բերք եմ ստացել։ «Ջելլի» և «Լիզանա» սորտերը լավ բերք են տվել, «Գրանադան» և «Արնովան»՝ վատ։ 1 հեկտարից հավաքել եմ 24 տոննա կարտոֆիլ։ 70 թեթրի գինը ինձ չի գոհացնում, չեմ վաճառում, կպահեմ»,- ասում է Կորխ գյուղից Մեսրոպ Իրիցյանը։

Ագանա գյուղում ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը, տեսակավորման ու պահպանման գործընթացը շարունակվում է։ Բերքահավաքի սկզբում, մունիցիպալիտետում, կարտոֆիլի գնորդներն ավելի շատ էին, իսկ վերջում` քիչ: Ախալքալաքի ֆերմերները մտավախություն ունեն, որ այս տարի իրենց կարտոֆիլը կրկին կմնա պահեստներում, ապա կհայտնվի աղբավայրում։

Դիլիսկա գյուղից Բաբկեն Նախատակյանն ասում է, որ իրենց գյուղը կարտոֆիլի բերքահավաքը կավարտի 10 օրից։ Բերքի հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ Կորխ գյուղում։

«5 հեկտար ցանեցի, հեկտարից 20-25 տոննա բերք ստացա։ Ինձ չի գոհացնում 60-70 թեթրի գինը։ Բերքահավաքի սկզբում օրական մոտ 12 մեքենա էր գյուղ գալիս, այժմ ընդամենը 2-3 մեքենա։ Հավանական է կարտոֆիլ արդեն Վրաստան է գալիս այլ տեղերից, դրա համար էլ գնորդներն ավելի քիչ են»,- ասում է Բաբկեն Նահատակյանը։

Կարծախ գյուղում չքանդած կարտոֆիլ քիչ է մնացել։

«Ես ցանել եմ 20 հար, որից 12 հարը հիվանդացել է, թեև բուժել եմ, բայց բուժումն արդյունք չի տվել։ Գնորդները քչացել են։ Այս տարի ընդհանրապես վնասի մեջ եմ»,- ասում է Կարծախ գյուղից Գաբրիել Կարապետյանը։

Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է, բերքատվության մասին ստույգ տվյալներ չկան, սակայն, նախնական հաշվարկներով, Ախալքալաքի մունիցիպալիտետում միջին բերքատվությունը կազմում է 200 կգ 1 հար հողատարածքից։