2020-2022 թվականներին պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները ստացել են ընդհանուր առմամբ 27,8 մլն լարիի նվեր։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն, խոսքը գործադիր իշխանության 394 պաշտոնյաների մասին է։
Հետազոտության շրջանակներում կազմակերպությունը վերլուծել է պաշտոնատար անձանց գույքային հայտարարագրերում նշված տվյալները։ Փաստաթղթում կարդում ենք, որ 18,6 մլն լարիի նվերներ ստացել են հենց պաշտոնյաները, իսկ 9,2 մլն լարի՝ նրանց ընտանիքի անդամները։ 27,8 միլիոն լարիից պաշտոնյաները 16,6 միլիոնը ստացել են կանխիկ, 9,1 միլիոնը՝ անշարժ գույքի, 2,1 միլիոնը՝ ավտոմեքենաների կամ այլ արժեքավոր իրերի տեսքով։
IDFI-ն պնդում է, որ ամենաշատ նվերները ստացել են ուժային գերատեսչությունների և արտաքին գործերի նախարարության աշխատակիցները։ Որպես կանոն, պաշտոնյաները նվերներ են ստանում ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից։ Սակայն հետազոտության մեջ նշվում է, որ նրանց նվերներ են տալիս այն հարազատները, որոնցից նվերներ ստանալն օրենքով արգելված է: Պաշտոնյաները նվերներ են ստանում նաև ընկերներից և այլ անձանցից։
Ստացված նվերների ծավալով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնատար անձանց շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։ 2020-2022 թվականներին նա ստացել է 300 հազար լարիի նվերներ։
Հետազոտության շրջանակներում կազմակերպությունը բացահայտել է ենթադրյալ իրավախախտման 15 դեպք։ Կազմակերպությունն ասում է, որ այս դեպքերում պետք է լրացուցիչ հետազոտություններ անցկացվեն։ IDFI-ն Հակակոռուպցիոն բյուրոյին կոչ է անում հետաքննել յուրաքանչյուր կասկածելի դեպք: Բացի այդ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս հստակ կանոնակարգել պետական պաշտոնյաների կողմից նվերներ ստանալու կարգը։ aliq.ge