Շուրջօրյա ջրամատակարարման նոր համակարգ կկառուցվի Նինոծմինդա քաղաքում, ինչպես նաև մունիցիպալիտետի գյուղերում՝ Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրոջալար։ Աշխատանքների համար «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը» մրցույթ է հայտարարել 42 488 990 լարիով։
Ծրագիրը ֆինանսավորվելու է 2023-2028 թվականների պետական բյուջեից։ Նինոծմինդա քաղաքի 24 -ժամյա ջրամատակարարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը, իսկ ծրագրի մնացած մասը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25 -ը։
Ըստ նախագծի հեղինակների, ոչ մի բնակավայրում ջրի բաժանորդների գրանցում և ծախսած ջրի քանակի հաշվարկ չկա։
«Բոլոր բնակավայրերում ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ ամորտիզացված է։ Վնասվածքները և ջրամատակարարման ընդհատումները շատ տարածված են: Ցանցում գործնականում տեղադրված չեն հակահրդեհային հիդրանտներ։ Ցանցերը նախագծվել ու կազմակերպվել են անցյալ դարի կեսերին, իսկ դրանից հետո մի քանի անգամ ընդլայնվել ու վերակառուցվել են։ Հիմնական ջրատարների ընդհանուր երկարությունը 64 կմ է։ Ջրամատակարարման ցանցերի երկարություններն են՝ Նինոծմինդա քաղաքում 34,3 կմ, Օրոջոլար գյուղում՝ 4,5 կմ, Մեծ Խանչալի գյուղում՝ 8,2 կմ և Կաթնատու գյուղում՝ 1,6 կմ»,- կարդում ենք նախագծի բացատրական քարտում։
Բացի ջրային համակարգերի նորացումից, Նինոծմինդա քաղաքում կբացվի նաև նոր ընկերության սպասարկման կենտրոն։
Մրցույթի հայտերի ընդունումը կտևի նոյեմբերի 22-ից 27-ը։ sknews.ge