Հումքային շուկաներում նավթի գինը կարող է գերազանցել 150 դոլարը` մեկ բարելի դիմաց, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունն էլ ավելի սրվի: Նման եզրակացության են եկել Համաշխարհային բանկի վերլուծաբանները, որոնց զեկույցը հրապարակվել է ֆինանսական կազմակերպության կայքում։
Հետազոտողները նկարագրել են երեք սցենար, թե ինչպես իրավիճակը շուկաներում կարող է զարգանալ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքում, խոշոր ճգնաժամի դեպքում, որը զգալիորեն խաթարում է նավթի մատակարարման շղթաները, նավթի համաշխարհային մատակարարումը կարող է կրճատվել օրական 6-8 միլիոն բարելով:
«Դրա արդյունքում նավթի գները սկզբնական շրջանում կարող են աճել 56-75 տոկոսով՝ հասնելով 140-157 դոլարի՝ մեկ բարելի դիմաց»,-ասում են փորձագետները։ Ավելի քիչ ծանր ճգնաժամը, որն իր ազդեցությունով նման է 2003 թվականի իրաքյան պատերազմին, կնվազեցնի նավթի մատակարարումները օրական 3-5 միլիոն բարելով և կհանգեցնի գների աճին մինչև 109-121 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Եթե ճգնաժամի մասշտաբները համեմատելի լինեն 2011 թվականին Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքների հետ, ապա մատակարարման կրճատումն այնքան էլ հսկայական չի լինի. մատակարարումները կնվազեն օրական 500 հազար-2 միլիոն բարելով։ Գները կբարձրանան մինչև 93-102 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ shantnews.am