Ախալքալաքը սոցիալական փաթեթով կֆինանսավորի նաև ոչ Վրաստանի քաղաքացիներին

Ախալքալաքը սոցիալական փաթեթով կֆինանսավորի նաև ոչ Վրաստանի քաղաքացիներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հավանություն են տվել որոշմանը, ըստ որի, Վրաստանի մշտական բնակության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են օգտվել Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթից, ինչը նշանակում է, որ նրանք կարող են համաֆինանսավորում ստանալ որոշ բժշկական ծառայությունների դեպքում, ինչպես նաև նրանք կարող են որոշակի նպաստ ստանալ:

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2023 թվականի բյուջեով սոցիալական աջակցության տրամադրման կարգում փոփոխությունները, ըստ որոնց՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի մշտական բնակության թույլտվություն ունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի համաֆինանսավորումից՝ նախատեսված սոցիալական փաթեթով բժշկական ծառայությունների համար՝ վիրահատություն, բժշկի խորհրդատվություն, քաղցկեղով հիվանդների բուժում։ Ինչպես նաև մշտական կացության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինի միանվագ նպաստ երեխայի ծնունդի դեպքում, միանվագ օգնություն, եթե ընտանիքը բազմազավակ է (բազմազավակ ընտանիք համարվում է 4 և ավելի մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը), աջակցություն բազմազավակ ընտանիքների ուսանողներին…

Մունիցիպալիտետի սոցիալական փաթեթի այն կետերը, որոնք նախատեսված են սոցիալական միավորներ ունեցող և սահամանափակ կարողություն ունեցող անձանց կարգավիճակով քաղաքացիներին, հասանելի չեն օտարերկրացիներին։

Jnews-ը լրացուցիչ իր հաջորդ նյութերում, կմանրամասնի Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթի կոնկրետ կետերի մասին, որոնք հասանելի են մշտական բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացիներին, թե յուրաքանչյուր դեպքում որքան սոցիալական օգնություն է հասանելի։

Իսկ թե Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթով ինչ նպաստներ և աջակցություն է տրամադրվում, կարող եք կարդալ այս նյութերում. jnews.ge