Ինչո՞ւ Վարձիան ներառված չէ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում և ինչ վտանգ են ներկայացնում ապօրինի շինությունները

Ինչո՞ւ Վարձիան ներառված չէ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում և ինչ վտանգ են ներկայացնում ապօրինի շինությունները

Նյութը պատկանում է <<Հարաֆային դարպասին>> – հեղինակ՝ Նուկա Ստեփնաձե

«Վարձիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկվելու համար պայքարում է 1999 թվականից։ Խոչընդոտող պատճառներից մեկը գեն պլանի բացակայությունն է։Ինչո՞ւ է ձգձգվում փաստաթղթի պատրաստման գործընթացը, ի՞նչ վտանգ է ստեղծում հուշարձանի շուրջ քաոսային շինարարությունը, ինչպես են ոմանց հաջողվում այսպես կոչված. կարմիր գոտում շինարարություն անել շրջանցելով օրենքը, և կառավարության կողմից ով օգտվում է արտոնություններից։

Վարձիան ժայռափոր վանական համալիր է՝ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակով, որը թվագրվում է 12-13-րդ դարերով։ Գտնվում է պատմական Ջավախեթիում՝ Ասպինձայի քաղաքապետարանից 30 կիլոմետր հեռավորության վրա, Մտկվարի գետի ձախ ափին։ Ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկի մեջ մտնելը կբարձրացնի Վարձիայի պատմական համալիրի մասին իրազեկությունը ողջ աշխարհում։ Ինչը կնպաստի զբոսաշրջիկների և եկամուտների ավելացմանը։

Որպեսզի Վարձիայի պատմական համալիրը ընդգրկվի հուշարձանների ցանկում, պետությունը պետք է ունենա լիարժեք կառավարման պլան։

2015 թվականին էկոնոմիկայի նախարարությունը կիրճի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում մշակել է «Վարձիա-Խերթիսի-Օլոդա մշակութային լանդշաֆտի քաղաքաշինական փաստաթուղթը»՝ 485 000 լարիով։ Սա առաջին փուլն էր,իսկ թե դրանից հետո ինչ արվեց գլխավոր հատակագիծը պատրաստելու համար, և երբ Վարձիան կկարողանա ընդգրկվել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում, չգիտենք։ Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալությունը մեզ ոչ մի մեկնաբանություն չի տվել, ոչ էլ հանրային տեղեկատվություն խնդրելուց հետո են պատասխանել։

2019 թվականին Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեն «Հարավային Դարպաս»-ին ասել էր, որ կամայական շինարարությունները փոխում են հուշարձանի պատմական լանդշաֆտի տեսքը և միևնույն ժամանակ վնասում Վարձիայի համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ներկայացնելու գործընթացին։

«Այս լանդշաֆտի ստեղծված, պատմական համատեքստը պետք է անձեռնմխելի լինի։ Քաղաքաշինության ցանկացած քաոսային զարգացում և կամայական շինարարություններ վնասում են այս գործընթացին և ոչնչացնում են Վարձիա-Խերթիսի-Օլդա միասնական լանդշաֆտի առաջադրման գործընթացի հեռանկարը»,- ասաց Բեքա Բարամիձեն։

Վարձիայի հարակից տարածքի մի մասը Ասպինձայի քաղաքապետարանի տարածքում է, իսկ մյուս մասը՝ Ախալքալաքի։

Ու՞մ են պատկանում Վարձիայի շրջակայքի օբյեկտները

Վարձիայի մոտ կա սննդի 4 օբյեկտ և 1 ընտանեկան հյուրանոց։ Քիչ այն կողմ՝ մոտ 600 մետր հեռու, կառուցվում է եւս մեկ հյուրանոց։

Սննդի չորս օբյեկտներից մեկը՝ «Ռեստորան Վարձիա»-ն գտնվում է Մտկվարի գետի աջ ափին, շենքերից ոչ մեկը կադաստրային քարտեզի վրա ծածկագիր չունի, ինչը նշանակում է, որ դրանք հավանաբար կառուցված են առանց թույլտվության։

Ռեստորանը ներկայումս վարձակալում է տեղացի Շոթա Մելիքիձեն, ինչպես ինքն է ասում՝ թեմից։ Մեզ համար անհայտ է, թե ինչ տեսակի պայմանագիր է կնքվել, նա այս հարցը չի մեկնաբանում եւ մեզ ուղղորդում է դեպի հոգեւորականները։

Ռեստորանին հարող 21 700 քմ տարածքը գրանցվել է Վրաց պատրիարքարանի, Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի թեմի կողմից [կադաստրային ծածկագիր 60.10.34.053]։

Մտկվարիի ափին գտնվող հինգ ֆանչատուրներից և երեք շենքերից պատրիարքարանին պատկանող հողատարածքում միայն մեկն է կանգնած։ Ըստ տեղացիների՝ նույն տարածքում է ապրում նաեւ հոգեւորական՝ վանական Գիորգին։

Հոգևորականին հարց ուղղեցինք նաև շինարարության թույլտվությունների հետ կապված, նա ասաց, որ բոլոր փաստաթղթերը կարգի ունի,իսկ մանրամասները մեզ հետ չի քննարկի․

«Չեմ ուզում խոսել, իմաստն ու պատճառը չեմ հասկանում։ Ի՞նչու է դա պետք, ի՞նչն է ձեզ հետաքրքրում։ Ես չեմ հասկանում ձեր նպատակը: Ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ընդհակառակը, մենք այստեղ շատ գործ ունենք անելու, բայց մեզ խանգարում են»,- ասաց նա։

Օրթո քարտեզի համաձայն՝ 2012 թվականի հուլիսին այս տարածքում կար մեկ ավերակ և մեկ շինություն, իսկ 2015 թվականին՝ երկու շենք և մեկ ֆանչատուր։ Թե երբ են կառուցվել հինգ ֆանչատուրները, և ինչպես է պատրիարքարանը ձեռք բերել դրանք կառուցելու իրավունքը, մեզ հայտնի չէ, հոգևորականն ու սննդի օբյեկտի ներկայիս սեփականատերն այս թեմայով չեն խոսում։


Փորձեցինք կապ հաստատել Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդոր Չուաձեի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Վարձիայի կուսանոցում մեզ ասացին, որ ունեն բոլոր փաստաթղթերը հերթականությամբ.

«Եթե այս գործը քննության մեջ չէ, ինչո՞ւ եք հարցնում, ձեր գործը ո՞րն է, ինչո՞ւ է կանգնած և ինչպե՞ս է։ Ի՞նչ եք ուզում Պատրիարքարանից։ Անօրինական չէ՛, լրագրողներին ի՞նչ գործն է, թե որտեղ է և ինչպես։Դուք նայեք ձեր նյութերին, մեզանից հեռու մնացեք: Եթե այլ հետաքրքրություններ ունեք, հեռու մնացեք եկեղեցուց, ես չեմ կարող ձեզ մեկնաբանություն տալ։Դա պատրիարքարանի սեփականությունն է և ամեն ինչ ֆորմալացված է, իսկ ձեզ չեն հարցնում, թե արդյոք դրան կադաստրային ծածկագիր է նշանակվել։ Մեկ այլ ապօրինի շինության վրա կարող եք դա անել, ավելին չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց վանքի վանականներից մեկը։

Սեփականատիրոջ ինքնությունը պարզելու համար «Հարավային Դարպաս»-ն գրել է Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն, սակայն գործակալությունը մեզ գրել է, որ մեր դիմումում նշված տվյալների (իրավիճակային գծագրի) հիման վրա անշարժ առարկան հնարավոր չէ նույնականացնել։

Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի, հանրային ռեգիստրի կադաստրային քարտեզով որոշվում է, որ նշված տարածքում կան ապօրինի շինություններ։ Խնդիր է ստեղծում նաև գետի հունի մոտ լինելը, քանի որ այստեղ անհրաժեշտ է պահպանել լրացուցիչ կանոնակարգեր։

«Այստեղ երկու կարեւոր խնդիր կա. Մեկն այն է, որ նշված շինարարությունն իրականացվում է առանց թույլտվության, քանի որ հստակ չէ, թե ով է սեփականատերը։ Մյուս կողմից՝ գետի հունն է։ Եթե ներկայումս կամայական զբաղեցրած հողերի ճանաչման հետ կապված վարույթ է ընթանում, ապա այս հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի, քանի որ գետի հունում շինարարություն չի կարող իրականացվել, և այստեղ հատուկ կարգավորում է իրականացվում։ Դրա համար շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն, և այս դեպքում նույնպես սեփականատերը որոշված չէ»,- ասում է Քեթի Բեբիաշվիլին։

Նրա խոսքով, հարցը պետք է ուսումնասիրի Ասպինձայի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը։ Հնարավոր է, որ շենքերը ապամոնտաժման ենթակա լինեն։

Նա նաև բացատրում է, որ չնայած ապօրինի շինարարությունն իրականացվել է տարիներ առաջ, օրինական արձագանք պետք է հետևի գործող կառավարության կողմից։

«Չնայած նրան, որ պատրիարքարանը հարակից տարածքում հողատարածքներ ունի, նրանք իրավունք չունեին գետի հունում շինարարություն անելու։ Ջրի առատության դեպքում վտանգը առաջին փուլում կկանգնի այն տարածքում, որտեղ կան քոթեջներ։ Ենթակառուցվածքային անվտանգությունից զատ օրակարգում է մարդկային անվտանգությունը։ Սա ապամոնտաժման և տուգանքի խնդիր է, ըստ կանոնի պետք է ապամոնտաժում իրականացվի
քանի որ մենք չգիտենք, թե այս տիպի շինարարություն արդյոք հնարավոր է այս տարածքում։ Սա հավանաբար ապօրինի շինարարություն է»,- ասում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի փաստաբանը։

Քանի որ պարզվում է, որ շինարարությունը, հավանաբար, արվում է առանց թույլտվության, խնդիր է նաև այն վարձակալության տալու հարցը. «Եթե հողամասն ու շենքը գրանցված չեն, ցանկացած տեսակի պայմանագիր էապես թերի է։ Սա նշանակում է, որ հոգևորականն իրավունք չունի այն վարձակալությամբ տալ»,- ասում է փաստաբանը։

Չգիտենք՝ վերջին հինգ տարում ինչ-որ մեկը տուգանվե՞լ է այս շինությունների համար։ Ասպինձայի քաղաքապետարանն այս թեմայով մեզ հանրային տեղեկատվություն չի տրամադրել։

Ֆանչատուրի եւ պաշտպանիչ պատ կառուցելու համար Ասպինձայի քաղաքապետարանը տուգանել է «Մասպինձելի» ռեստորանի սեփականատեր Գուլկան Մելիքիձեին 16 հազար լարիով, բայց ոչ հոգևորականներին։

Մելիքիձեն 2019-2020 թվականներին շինարարական աշխատանքներ է իրականացրել Վարձիայի հակառակ կողմում՝ ռեստորանի հարևանությամբ գտնվող սեփականություն հանդիսացող հողամասում (1500քմ հողատարածքում), [կանգնեցվել է ֆանչատուրի, կողքին՝ պաշտպանիչ պատ]։

Գուլկան Մելիքիձեն Ասպինձայի քաղաքապետարանի որոշումը բողոքարկել է Ախալցիխեի շրջանային դատարան, նրա փաստաբան Սոսո Խիթարիշվիլիի կարծիքով՝ կիրառված տուգանքն անհիմն է, քանի որ նմանատիպ շինություններին թույլտվություն պետք չէ։

«Այնտեղ մյուսներն էլ շատ նման բաներ ունեն, բայց քաղաքապետարանը չի արձագանքում։ Որոշակի ծանոթությունների կամ ազդեցությունների պատճառով։ Ճնշված են միայն մարդկանց այն կատեգորիաները, որոնք ավելի քիչ ազդեցություն և ավելի քիչ հովանավորներ ունեն, քան մյուսները։ Թեեւ գործով որոշակի փաստաթղթեր ունեինք։ Մենք ոչ մեկին չենք դիմում՝ առանց թույլտվության կառուցելու։ Մենք ասում ենք, որ սա առաջին կարգի շենք է եւ թույլտվության կարիք չի ունեցել»,- ասաց փաստաբանը։

Որոշումն ընդունելուց հետո նա նախատեսում է բողոքարկել վերադաս ատյան։

Չնայած տուգանքների փաստին՝ Ասպինձայի քաղաքապետարանը թաքցրել և հրապարակային տեղեկատվություն չի տրամադրել «Հարավային Դարպաս»-ին։ Ինքնակառավարումը չի պատասխանել նաև այլ կարևոր հարցերի, ուստի չգիտենք՝ Գուլկան Մելիքիձեի նման այլ անձինք տուգանվե՞լ են, թե՞ ոչ, կամ ինչ միջոցներ են ձեռնարկվել ապօրինի շինությունների վերացման դեմ։

Քաղաքապետարանից մեզ միայն գրեցին, որ «Խերթիսի-Վարձիա-Օլոդա մշակութային լանդշաֆտի պահպանության տարածքում ցանկացած տեսակի շինարարության համար մորատորիում է գործում։ Ըստ այդմ՝ Ասպինձայի քաղաքապետարանի կողմից նշված տարածքում 5 տարի թույլտվություն չի տրվել»։

Բացի այդ, տեղեկություն ենք խնդրել Ախալցիխեի շրջանային դատարանից եւ Ասպինձայի մագիստրի դատարանից, թեեւ այս գործով էլ պատասխան չենք ստացել։

«Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը առանձին չի գրանցվում և վիճակագրորեն մշակվում, ինչի պատճառով մենք զրկված ենք ձեր հարցումը բավարարելու հնարավորությունից»,- ասված է դատարանների կողմից ուղարկված պատասխանում։

Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի, խմբագրությունը կարող է հայց ներկայացնել ընդդեմ ինքնակառավարման և դատարանի.

«Քաղաքապետարանը խախտել է Ընդհանուր վարչական օրենսգրքի 37-րդ, 38-րդ, 40-րդ հոդվածները, որոնք պարտավորեցնում են տրամադրել հանրային տեղեկատվություն։Նա ստիպված էր այս տեղեկատվությունը տրամադրել։ Եթե այնտեղ որևէ անձնական տեղեկատվություն կար, այն պետք է ծածկված լիներ Անձնական տվյալների պաշտպանության ակտով: Քանի որ քաղաքապետը չունի վերադաս, ուստի նրա կողմից կայացված վարչական ակտը բողոքարկվում է դատարան։
Ինչ վերաբերում է դատարանին, կարծես թե դա որոշակի պրակտիկա ու մոտեցում է, ոչ միայն Ախալցիխեում։ Հաճախ նման պատասխան են տալիս նաև Շիդա Քարթլիի դատարանները, ինչը ճիշտ չէ։Անկախ նրանից՝ մշակում է վիճակագրություն, թե ոչ, պարտավոր է հրապարակային տեղեկատվություն տրամադրել։ 10-օրյա ժամկետը պետք է օգտագործվի տեղեկատվության մշակման համար։ Տվյալ դեպքում, քանի որ տեղեկատվությունը տրամադրվել է հանրային տեղեկատվության համար պատասխանատու անձի կողմից, այն պետք է բողոքարկվի դատարանի նախագահին»,- ասում է Քեթի Բեբիաշվիլին։

Վարձիայի շրջակայքում կա ևս մեկ եռահարկ հյուրանոց, որի շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն։ Տեղացիների խոսքով՝ սեփականատերը Ռուսաստանում աշխատող գործարար Արսեն Տաբատաձեն է։ Ըստ հանրային ռեգիստրի քաղվածքի՝ 5035 քառ. հողամասը նա գնել է Նիկոլոզ Աստամիձիից 2018թվականին։
Վարձիայի քարանձավներից պարզ երեւում է հյուրանոցը, ինչպես նաեւ հյուրանոցից երեւում է Վարձիան։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հողի սեփականատերը շինարարության թույլտվություն ունի, մինչդեռ Ասպինձայի քաղաքապետարանի մորատորիումի շրջանակներում «Նիալա» ՍՊԸ-ի կողմից 120 սենյականոց հյուրանոցի կառուցումը դադարեցվել է 2019 թվականին, իսկ Գյուլկան Մելիքիձեն տուգանվել է ֆանչատուրի շինարարության համար։

Երբ մենք հասանք, մեզ ոչ ոք չհանդիպեց։ Նույնիսկ շինարարության թույլտվության պաստառ չտեսանք։

Խմբագրությունը կապ հաստատեց հյուրանոցի սեփականատիրոջ եղբոր՝ Ավթանդիլ Տաբատաձեի հետ, նա մեզ ասաց, որ իր եղբայրը Ռուսաստանում է, եթե մեզ ինչ-որ բան է հետաքրքրում, նրան հարցնենք։

«Ի՞նչ եք կարծում, եթե թույլտվություն չունենար ու փաստաթղթերը կարգին չլինեին, կկառուցե՞ր։ Փաստաթղթերը կարգին են, ոչինչ չի խանգարում շինարարությանը»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Նշված հյուրանոցը հարում է Վարձիային, թեև տարածքը պատկանում է Ախալքալաքի քաղաքապետարանի Գոգոաշեն գյուղին։

Ներկայումս աշխատանքները դադարեցված են, հետաքրքրվեցինք՝ հյուրանոցի սեփականատիրոջ թույլտվությա՞մբ է դադարեցվել, թե՞ ինչ-որ գործակալության հրահանգով։ Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված գրության մեջ կարդում ենք, որ վերջին հինգ տարում քաղաքապետարանի տարածքում, կոնկրետ Վարձիա համալիրի հարակից տարածքում, թույլտվության 6 դիմում է ներկայացվել։ Շինարարության իրավունքը տրվել է միայն մեկին՝ Արսեն Տաբատաձեին։

ՏԻՄ-ից պարզաբանում են, որ հինգ դեպքում մերժման պատճառը թերի փաստաթղթերն են։

Ակակի Նաթենաձեն Գոգաշենի «Ճաճկարի» գյուղում գտնվող հողամասում (Հ/Կ 63.20.31.326) գոյություն ունեցող տան կողքին ցանկացել է բնակելի սենյակներ կառուցել։

Ինչ վերաբերում է Ջիմշեր Նաթենաձեին, նա նույնպես թույլտվություն է խնդրել Գոգաշենի գյուզի «Ճաճքարի»-ում գտնվող հողամասում (Նույնականացման կոդ 63.20.32.006) բնակելի տան կառուցապատման և գույքի ողջ տարածքի ցանկապատման համար։ Բոնդո Նաթենաձեին գործակալությունը նույնպես մերժել է։ Նա խնդրել է Գոգաշենի «Ճաճքարի» սեփականության իրավունքով պատկանող հողամասում ջերմոց կառուցել (Նույնականացման կոդ 63.20.31.294)։

«Ամբողջական փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավոր կլինի հարցը քննարկել և վերոհիշյալ փաստաթղթերն ուղարկել Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալություն»,- ասվում է հայցվող տեղեկատվության մեջ։

Ի լրումն վերը նշվածի՝ Ախալքալաքի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության մեջ կարդում ենք, որ 2021թվականին Ափնիա գյուղի բնակիչները (8 քաղաքացի) կոլեկտիվ հայտարարությամբ դիմել են ինքնակառավարմանը և թույլտվություն են խնդրեն իրենց հաշվին վերանորոգել դեպի իրենց հողամասեր(Նույնականացման կոդեր․ 63.20.32.121; 63.20.32.117; 63.20.32.120; 63.20.32.042; 63.20.32.078; 63.20.32.117; 63.20.32.120; 63.20.32.042; 63.20.32.078; 63.20.32.078; 63.20.32.20. 60.10.34.563) տանող հին ճանապարհը։


24 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանի կարգավիճակի սպասման մեջ

Վարձիան «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու համար անհրաժեշտ է, որ պետությունը ունենա հուշարձանի կառավարման լիարժեք ծրագիր։ Նշված պլանը դեռ պատրաստ չէ։

Ասպինձայի և Ախալքալաքի քաղաքապետարանների տարածքում՝ Մտկվարի կիրճի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում, 2015 թվականի հունվարի 26-ին սկսվել է «Վարձիա-Խերթիսի-Օլոդա մշակութային լանդշաֆտի քաղաքաշինական փաստաթղթի» մշակումը։Սրա համար էկոնոմիկայի նախարարությունը «Գեոգրաֆիկ» ՍՊԸ-ի հետ 485 000 լարիի պայմանագիր է կնքել ուղղակի գնման տեսքով։ Ծրագիրն ընդգրկել է 10 գյուղերի տարածք (Տոլոշի, Խերթիսի, Նաքալաքևի, Թմոգվի, Միրաշխանի, Կումուրդո, Գոգաշենի, Ափնիա, Խավեթի և Դաբնիա): Այս փաստաթղթի հիման վրա պետք է մշակվեին պլանավորման սկզբունքներ, որոնք կհաստատեին քաղաքապետարանները, և կսկսվեր այդ տարածքների զբոսաշրջության զարգացումը։Սակայն մինչ այժմ նշված գյուղերում զբոսաշրջության զարգացման առումով քայլեր չեն ձեռնարկվել։ Նշված նախագծի ձգձգման մասին անցյալ տարի՝ 2022թվականին գրել է նաև «Միջազգային Թափանցիկություն – Վրաստան»-ը։

Նաև 2015 թվականի ապրիլին Խերթիսի-Վարձիա-Օլոդա մշակութային լանդշաֆտի ոչ նյութական մշակութային ժառանգության առաջին գույքագրման ժամանակ Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության ազգային գործակալության կողմից գնվեց ևս մեկ նախագիծ։ Մրցութային պայմանագիրը կնքվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հետ 8600 լարիով։

Մենք չգիտենք՝ փաստաթուղթը վերջնականապես պատրաստվե՞լ է թե ոչ, ի՞նչ է արվում մշակույթի նախարարության կողմից այս հարցով, և արդյոք պատմական համալիրի շրջակայքում կատարված շինարարությունները խոչընդոտ են հանդիսանում «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հուշարձանների ցանկ մտնելու համար-Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունից այս թեմաներով պատասխան չստացանք, մեր հարցերին չպատասխանեց նաև Վարձիայի տնօրեն Իլիա Թեդորաձեն, իսկ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի աշխատակիցը մեր հեռախոսազանգին չպատասխանեց։

Պատճառները պարզելու համար կապվեցինք նաեւ «Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերի ազգային հանձնաժողովի» հետ, թեժ գծով մեզ ասացին, որ մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմենք մշակույթի նախարարություն։

«Միջազգային Թափանցիկություն-Վրաստան»-ի տարածաշրջանային համակարգող Թամունա Ուչիձեի խոսքով, այն գումարը, որը պետությունը ծախսել է մրցույթների վրա, «դեն է նետվել»։

«Պետությունը բյուջեից կես միլիոն լարի է վճարել նախ առանց մրցույթի, ուղղակի գնումների տեսքով, ապա որպես գործոն վատնել այս գումարը։ Այսինքն՝ այս նախագծից հետո մարզում զբոսաշրջությունը զարգացնելու համար մի շարք ծրագրեր պետք է իրականացնեն ՏԻՄ-երը և էկոնոմիկայի նախարարությունը միասին։ Սակայն այս նախագծում ընդգրկված 10 գյուղերում զբոսաշրջության առումով որեւէ քայլ չի արվել։ Այսօր ոչ ոք չի կարող օգտվել 8 տարի առաջ կազմված նախագծից, քանի որ, օրինակ, գոնե գետի հունի եզրագիծը կարելի էր փոխել»,- ասում է նա։

Ինչո՞ւ է ձգձգվում Վարձիայի գլխավոր հատակագծի մշակումը

Մշակութային ժառանգության փորձագետ, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախկին նախարար Նիկոլոզ Վաչեիշվիլին կարծում է, որ կառավարությունը ոչինչ չի անում Վարձիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու համար։

«Վրացական կառավարության ներկայիս պասիվությունը թույլ չի տալիս Վարձիան ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ Մեր կառավարությունը ժամանակ չի խնայել ո՛չ Վարձիայի, ո՛չ էլ առաջադրման նախապատրաստման համար։ Էկոնոմիկայի նախարարությունը զարգացման ծրագրի համար մրցույթ է հայտարարել, և որքան գիտեմ, այս փաստաթուղթը նախարարությունում է։ Բայց ինչպես «Թխա դա Գիգո»-ն, նրանք չեն հասկանում այս փաստաթղթի բովանդակությունը։ Այն դեռ չի իրականացվել։ Պետությունն այնքան գումար է ծախսել, փաստաթուղթը պատրաստվել է, բայց ոչինչ չի արվել այն կյանքի կոչելու համար։ Անորոշություն ու անհեթեթություն, պլանի շատ լավ տարբերակ կա, բայց չի գործում։ Սա ցույց է տալիս իշխանության սխալ տեսլականը, ծուլությունն ու կուրությունը։ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը շահագրգռված չէ ինտեգրվել Արևմուտքին։ Դրանց թվում «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին»,- ասում է Նիկոլոզ Վաչեիշվիլին։

Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին հաստատում է, որ Վարձիայի շրջակայքում զարգացման ծրագրի բացակայությունը մեծ մարտահրավեր է։ Նա ասում է, որ ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ Վարձիայում, սկսվել է տարածքային պլանավորումը։

«Ձեզ համար պարզ կլինի, թե Վարձիան որքան մեծ մշակութային-պատմական հուշարձան է մեզ համար, բնականաբար դրա շրջակայքում պետք է լինի պատշաճ կամ պլանավորված զարգացում, ինչը կնպաստի մեր տարածաշրջան այցելուների հոսքին, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանը պահպանելուն։ Անցյալ տարի ներկայացվեց ընդհանուր տարածական դասավորության մասին: Գործընթացն ընթացքի մեջ է, և ամբողջ երկրում կսկսվի տարածքային պլանավորումը: Պետք է, որ քաոսային զարգացման չհանդիպենք, չի կարելի, որ ամենքն իր ուզածի պես զարգանա։ Հետևաբար, տարածքային պլանավորումը շատ կարևոր է: Իհարկե, դրա շրջանակներում այդ բոլոր կետերը, բոլորի մոտեցումը հաշվի կառնվեն, որպեսզի չխանգարեն Վարձիայի մուտքին «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցուցակ»,- «Հարավային Դարպաս»-ին ասում է պատգամավորը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու համար ընտրված հուշարձանը պետք է համապատասխանի կազմակերպության 10 չափանիշներից մեկին կամ մի քանիսին․

Տասը չափանիշներից վեցը վերաբերում են մշակութային հուշարձաններին, իսկ մնացած չորսը՝ բնության հուշարձաններին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում նշվում է, որ Վարձիա-Խերթիսին համապատասխանում է տասից վեց (II, III, IV, V, VI, VII) չափանիշներին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար հուշարձանն անցնում է հինգ փուլով. Առաջին փուլը ներկայացուցչական ցուցակն է, որում ներկայումս ընդգրկված է Վարձիա-Խերթվիսին։ Հաջորդ փուլը առաջադրման ֆայլի պատրաստումն է, որը պետք է պատրաստի հուշարձանը ներկայացնող երկիրը, որը կքննարկեն Խորհրդի անդամ կազմակերպությունները։ Վերանայման ավարտից հետո հավաքվում է Համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն, որը վերջնական որոշում է կայացնում՝ արդյոք հուշարձանը պետք է ներառվի ցանկում: Գործընթացի ավարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշտապես մշտադիտարկում և վերանայում է առկա չափանիշները։
Կորած ներդրում
Հրապարակախոս Կուկուրի Մետրևելին ճիշտ չի համարում զանգվածային շինարարությունները դադարեցնելը, նա Վարձիայի դիմաց 2400 քմ մակերեսով հյուրանոց է կառուցել։ Ասում է, որ հողը գնել է Խորհրդային Միության փլուզումից հետո։

Նա կարծում է, որ շահագրգիռ անձանց պետք է թույլ տալ բիզնեսով զբաղվել.

«Իմ հյուրանոցի հետևում տեռասներ կան, հողը թեք է, և ես ուզում էի խաղողի վազ աճեցնել, փորձեցինք էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռից այս հողը տեղափոխել քաղաքապետարանի հաշվեկշիռ, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանում մեզ ասացին, որ Վարձիայի տարածքում գլխավոր հատակագիծ է մշակվում, և մինչև այն չավարտվի, հողը չի տրվի։ Մենք էլ համբերատար սպասում ենք, բայց մյուսները նույն հողատարածքի համար դիմում են ներկայացնում։ Դեռ չեն հասցրել օրինականացնել, բայց դա էլ կհաջողվի անել։ Նախ, ինչու՞ է այս գենային պլանն այսքան ժամանակ մնացել անպատրաստ: Կամ ինչո՞ւ է այս հովիտը այդքան չմշակված։ Այստեղ ոչինչ չկա, ոչ ենթակառուցվածքներ, ոչ միջավայր, որ մարդիկ գան ու մնան։ Մարդիկ գալիս են,Վարձիան տեսնում ու գնում»,- ասում է Կուկուրի Մետրևելին։

Վարձիայից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա մեղվաբույծ Գուրամ Զեդգինիձեն անհաջող փորձում է օրինականացնել վարձակալած հողատարածքը։ Ասում է՝ իրավունք չեն տալիս միայն այն պատճառով, որ տարածքը գտնվում է երկու վանքերի միջեւ։ Սակայն նույն հատվածում՝ Մտկվարիից այն կողմ [Ափնիա գյուղի տարածքում] հյուրանոց է կառուցվում։

«Գնման համար դիմել եմ 15-20 տարի առաջ։ Ունեմ վարձակալությամբ և ամեն տարի հարկ են վճարում։ Գիորգի Գախարիայի վարչապետության օրոք հրահանգ էր տրվել վարձակալներին առանց մրցույթի ուղղակի գնման։ Ես դիմում էի ներկայացրել, ուզում էի հողագործությամբ զբաղվել, և հուշարձանների պահպանության նախարարությունից պատասխան ստացա, որ այս տարածքը կարմիր գոտում է, և իրավունք չունեն դա տալու։ Հետաքրքիր է՝ Վարձիայից 300 մետր հեռավորության վրա Մտկվարի վրայով կարմիր գիծ չկա՞, իսկ ես Վարձիայից մեկ կիլոմետր եմ, և այստեղ կարմիր գիծ կա»,- ասում է Գուրամ Զեդգինիձեն։

Հատկանշական է այն փաստը, որ Վարձիայի հակառակ կողմում 120 սենյականոց հյուրանոցի շինարարությունը գերատեսչության կողմից դադարեցվել էր 2019 թվականին գլխավոր հատակագծի բացակայության պատճառով։

Ընկերության 50%-ի սեփականատերը ռուս գործարար Սոսո Օրջոնիկիձեն է, որը ծագումով Բորջոմիից է, որը 2016 թվականին Վարձիայի պատմական համալիրի դիմաց աճուրդով գնել է 13873 քմ հողատարածք, իսկ 2018-ին՝ Ասպինձայի քաղաքապետարանից և Հուշարձանների պահպանության գործակալությունից խնդրել է ստորգետնյա հյուրանոց կառուցելու, ճանապարհներ կազմակերպելու և կանաչապատման թույլտվություն։ Թույլտվությունը տրվել է միայն կանաչապատման համար, աշխատանքները նույնպես սկսվել են, սակայն գործակալությունը համարել է, որ դա ոչ թե կանաչապատման, այլ հյուրանոցի շինարարական աշխատանքներ են և խնդրել է այն կասեցնել 2019 թվականի մարտի 29-ին։

2019 թվականին գործակալությունը հայտարարել էր, որ նշված տարածքը պետք է վերականգնվի իր սկզբնական տեսքին, սակայն գործակալության հանձնարարականները մինչ օրս չեն կատարվել։


Նշված հյուրանոցի կառուցմանը դեմ է եղել նաեւ Սակդրիսիի կոմիտեն։ Նրա անդամ Նինո Բուրչուլաձեն ասում է, որ դա կլինի խոչընդոտող գործոններից մեկը, որպեսզի Վարձիան ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում.

«Ինչպես գիտեք, Վարձիայի թանգարան-արգելոցը ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան է, որն ունի 500 մետր տեսողական պահպանության գոտի։ Հյուրանոցը, որի շինարարությունը մեզ հաջողվեց կանգնեցնել, դենց այս տարածք է մտած։ Ուզում եմ ձեզ ասել, որ հուշարձանը միայն հուշարձան չէ, այն ընկալվում է ողջ միջավայրում։ Ուստի մեզ համար անընդունելի էր Վարձիայի տեսողական ընկալման խեղաթյուրումը։ Հանրությանը միգուցե հայտնի չէ, որ Վարձիան, չնայած բազմաթիվ փորձերին, չի կարող ներառվել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, դրա հիմնական պատճառը Վարձիայի քաղաքաշինական փաստաթղթի բացակայությունն է, նկատի ունեմ տարածքային դասավորության փաստաթուղթը։ Ուստի, մինչ այս փաստաթղթի ստեղծումը, ցանկացած խոշոր շինարարական աշխատանք կլինի ևս մեկ լրացուցիչ խոչընդոտ Վարձիայի համար «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցանկում ընդգրկվելու համար։

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել իշխանություններին և հասարակությանը, որ Վարձիան իսկապես արժանի է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում լինելուն։ Հետեւաբար, առաջին հերթին կարող է կազմվել տարածքային դասավորության փաստաթուղթ, ինչը լուրջ քայլ կլինի Վարձիայի շահերի համար»,- ասում է նա։

Նրա խոսքով, Սակդրիսիի կոմիտեն դեմ չէ Վարձիայի շրջակայքում բիզնեսի զարգացմանը.

«Ուզում եմ ընդգծել, որ մենք բիզնեսի զարգացման հակառակորդ չենք։ Պահանջում ենք պահպանել հուշարձանների վերաբերյալ օրենքը։ Բետոնե հյուրանոցի հետ կապված մենք հայտարարեցինք, որ եթե տարածքային դասավորության փաստաթուղթը թույլ է տալիս նման վայրերում շինարարական աշխատանքներ իրականացնել, և եթե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն համաձայնի, ապա մենք, իհարկե, դեմ չենք լինի։ Կա ևս մեկ շատ կարևոր կետ. Վարձիայի շրջակայքում գտնվող ամբողջ հողատարածքը վաճառվել է, եթե նախադեպ ստեղծվեր Վարձիայի տեսողական պաշտպանության գոտում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, ապա դա լրացուցիչ դրդապատճառ կլիներ այլ հողատերերի համար՝ սկսելու մեծ շինարարական գործընթացներ, նույնիսկ օրենքի խախտմամբ։ Այս ամենը մեզ լավ արդյունքի չէր տանի»։

Ինչ վերաբերում է Վարձիայի մուտքի մոտ գտնվող փոքր սրճարան-ռեստորաններին, որոնք կառուցվել են մոտ 13 տարի առաջ, և դրանց մի մասը շինարարության թույլտվություն չունի, նա մեզ այսպես է պատասխանում.

«Ինչպես ասում են՝ այն արդեն «նստած» է միջավայրում, թեեւ այնտեղ լրացուցիչ այսպես կոչված տնակների կամ նմանատիպ այլ օբյեկտների ավելացումը չպետք է խրախուսվի»։

Գլխավոր հատակագծի բացակայությունը խանգարում է ներդրողների ներգրավմանը, այս մասին Սամցխեի պատգամավորը դեռ 2022 թվականին խորհրդարանում ունեցած իր ելույթում է ասել.

«Այս փուլում մենք բոլոր ներդրողներին ճանապարհում ենք մերժումով, քանի որ չունենք զարգացման ընդհանուր ծրագիր, հետեւաբար չենք կարող ներդրողին ասել, թե ինչ կարելի է անել։ Հետաքրքրությունը մեծ է, և գլխավոր հատակագծի առկայությամբ մենք հնարավորություն կունենանք լավ ներդրողներ ներգրավել մարզ։ Հակառակ դեպքում մենք ընդունում ենք Վարձիայի շրջակայքում քաոսային զարգացում և ապօրինի շինարարություն»,- այս խոսքերով դիմեց պատգամավորը ենթակառուցվածքների նախարարին։

Այն ժամանակ նախարար Իրակլի Կարսելաձեն ասել էր, որ «107 տարածքային փաստաթուղթ է մշակվել, ես գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարությունը, որի ղեկավարության տակ է վերադարձել Տարածքային կարգավորման վարչությունը, ակտիվորեն պատրաստվում է մշակել համապատասխան վայրեր, այդ թվում են նաև այդ վայրերը, և վստահ եմ, որ շուտով նոր հնարավորություն կլինի , այն հնարավորությունը՝ ինչի մասին դուք խոսում էիք»։

Ո՞վ է աչք փակում պատմական հուշարձանների վնասների վրա

Վարձիայի պահպանության գոտու երկու կարեւորագույն հուշարձաններն են՝ «Վանի կաթսաները» եւ «Թավկվեթուլայի վանքը», երկուսում էլ հոգեւորականները ապօրինի աշխատանքներ են կատարել։

2018 թվականին «Վանի կաթսաներ»-ում գտնվող վանքի վանահայր Մաթե Վաշակմաձեն «Հարավային դարպասի» մոտ հայտարարեց, որ հուշարձանի վրա մետաղյա պլաստմասե դռներ և պատուհաններ է տեղադրել, իսկ սեղանատան պատը կառուցվել է 2012 թվականին՝ գործակալության թույլտվությամբ։ Գործակալությունում, սակայն, այն ժամանակ ոչ նախկին, ոչ ներկայիս ղեկավարը չէին կարող հիշել թույլտվության տրամադրման փաստը։

Լուսանկարն արվել է 2018թվականին

Այն ժամանակ փաստաբանները պնդում էին, որ համապետական նշանակության պատմական հուշարձանի վրա ապօրինի շինարարությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 88-րդ հոդվածով պատժվում է 12 000 լարի տուգանքով։

Սակայն այն ժամանակ նրանք միայն բանավոր նախազգուշացում էին ստացել Մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության գործակալությունից։

«Հոգեւորականներին զգուշացնելուց հետո այլեւս նման բան չեղավ։ Նրանք մեզ խոստացան, որ առանց մեզ հետ պայմանավորվածության ոչինչ չի փոխվի։ «Վանիի կաթսաներ»ի վերականգնումը սկսվելուց հետո այս դռներն ու պատուհանները նույնպես կփոխվեն»,- 2018թվականին ասաց Մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանության գործակալության նոր և նախկին ղեկավար Նիկոլոզ Անթիձեն։

2018 թվականին հաճախակի քարաթափության պատճառով «Վանի կաթսաներ» վանական համալիրը փակ էր այցելուների համար։ Դրանից հետո անցել է հինգ տարի, սակայն հուշարձանի վերականգնումը չի սկսվել։

Ինչ վերաբերում է «Թավկվեթուլա վանքին», ապա, ինչպես տեղացիներն են ասում, հոգեւորականը եկեղեցու տակ 18 մետրանոց թունել է փորել։ Բացի այդ, նա մի քանի քարե սյուներ է տեղադրել հուշարձանի ճակատային մասում։ Վանական Իոանը «Հարավային դարպասին» ասել է, որ բացօթյա ճաշասենյակ է կառուցում, և չնայած Մշակութային ժառանգության գործակալության բազմաթիվ զգուշացումներին՝ նախատեսում է ավարտին հասցնել աշխատանքը։
«Ես ոչ մի բանի համար չեմ համաձայնվել, ես երկրի գործն եմ անում։ Ես ինչ-որ բան ե՞մ փչացնում, թե՞ նրանք կարող են ինձնից լավ անել: Ի՞նչ պայմանավորվեմ Մշակութային ժառանգության գործակալության հետ: Գործակալությունը սարքեց Վարձիան և որքա՞ն արժե այնտեղ մուտքը՝- 15 լարի։Ես էլ ցեխ դնե՞մ։ Գումար վաստակե՞մ: Դա կլինի ծածկված բաց սեղան, որտեղ կաղոթենք, ոչ մի լանդշաֆտ չի փոխվի։ Կլինի ժայռի գույների մեջ, ես ինքս նկարիչ եմ, այնպես կանեմ, որ ոչինչ չփոխվի։Տեռասներ պատրաստեցի, խաղողի վազեր ու ընկույզներ տնկեցի, արահետ սարքեցի, աստիճաններ, նստարաններ ու պարիսպ պատրաստեցի։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ես չեմ հասկանում: Այն կառուցված է ժողովրդի, ծխական համայնքի համար։ Մարդիկ կգան, կաղոթեն ու կուրախանան»,- ասում է վանական Իոանեն [Իրակլի Պաիճաձեն աշխարհական կյանքում]։
 


Տեսանյութը սոցցանցում տարածվել է 2022թվականին

Հայտնի չէ, թե արդյոք հոգևորականների վերոնշյալ գործողությունները կդառնան ևս մեկ խոչընդոտ «ՅՈՒՆԵՍԿՕ» մտնելու համար։

«Հարավային Դարպաս»-ն բազմիցս կապ է հաստատել ու գրել մշակույթի նախարարությանն ու գործակալությանը, սակայն մեզ չեն մեկնաբանում։