Ախալքալաքի փողոցներում նկատելի են խոպանչիները, մարդիկ խոպանից տուն են վերադառնում։ Ռուբլու փոխարժեքը մարդկանց երկմտանքի առջև է կանգնեցրել, նրանք չգիտեն ի՞նչ անեն, իրենց ունեցած ռուբլին ցածր փոխարժեքով լարի դարձնեն, թե սպասեն, որ մի օր ռուբլու փոխարժեքը կբարձրանա։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը
Նոյեմբերի 1-ի դրությամբ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին վաճառվում է 28,5 լարիով, գնվում՝ 29,5 լարիով։
Արդեն մի տարի է Ջավախքի բնակիչները հույսով սպասում են, որ մի օր ռուբլու կուրսը կբարձրանա, սակայն ռուբլին անցատ տարվա նոյեմբերի համեմատ գրեթե կրկնակի արժեզրկվել է։
Կան մարդիկ, որոնք անցած տարվանից ռուբլին պահել են, փոխարենը վարկ են վերցրել բանկից, մտածելով, որ կկարողանան իրենց ունեցած ռուբլին բարձր փոխարժեքով փոխանակել։ Արդյունքում, ոչ միայն չեն կարողացել ռուբլին բարթր փոխարժեքով փոխանակել, այլև բանկից վարկ վերցնելով խրվել են պարտքերի մեջ։
Անուշն (պայմանական անուն) Ախալքալաքից է։ Ասում է՝ խոպանչու վաստակն արժեզրկվել է։ Իրենց ընտանիքի միակ աշխատողն ամուսինն է, ով ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։
«Այս տարի ձմռանը, որոշել ենք երեք ամսով գնալ Ռուսաստան, Նոր տարին այնտեղ անցկացնել, քանի որ եթե այստեղ փոխենք ռուբլին, ընդհանրապես ձեռք չի տալիս, շատ ցածր է փոխարժեքը։ Որպես Վրաստանի քաղաքացիներ կարող ենք այնտեղ մնալ երեք ամիս, հետո երեխաներիս հետ կվերադառնամ, իսկ կմնա և կշարունակի աշխատաել։ Հույս ունենք, որ մի օր ռուբլու փոխարժեքը կբարձրանա։ Ես ամիսը մոտավոր 60-70 հազար ռուբլի եմ լարի դարձնում», – ասում է Անուշը։
Անցած Ամանորին Անուշը ռուբլին պահել է, քանի որ փոխարժեքը էլի ցածր է եղել, բայց ոչ ներկայիս չափ, այդ ժամանակ 1000 ռուբլին արժեցել է 40 լարի, մտածելով, որ հետագայում կբարձրանա, բանկից վարկ է վերցրել Ամանորը նշելու համար։ Բայց ռուբլին օր ճրի արժեզրկվել է։ Շահույթ ստանալու փոխարեն մեր զրուցակիցը խրվել է պարտքերի մեջ։
«Միայն մենք չէինք, որ վարկ էինք վերցրել, իմ շրջապատում կային էլի շատ մարդիկ, որ վարկ էին վերցրել, իհարկե՝ բոլորն էլ փոշմանել են, բայց այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ ռուբլին էլ ավելի կարժեզրկվի։ Ստիպված շատ ավելի ցածր փոխարժեքով փոխեցի, որ վարկը փակեմ», – պատմում է Անուշը։
Անուշը չի հիշում, որ երբևէ ռուբլին այսքան արժեզրկված լինի։
Ախալքալաքի մեկ այլ բնակիչ՝ Հակոբ Մ․-ն Ռուսաստանի քաղաքացի է և այնտեղ է թոշակ ստանում։ Նա մի տարի հավաքել է կենսաթոշակը, որ Ախալքալաքում իր տունը վերանորոգի, բայց չի կարողացել։
«Տանս ներքին հարդարման աշխատանքներն էր մնացել, ու ռուբլին հանկարծակի ընկավ, և որոշեցի սպասել, որ գոնե մի քիչ բարձրանա։ Բայց բանից դուրս եկավ, որ էլ ավելի արժեզրկվեց և նախատեսվածից շատ ավելի քիչ աշխատաք կարողացա անել տանս վրա ն կատարեցինք տան վրա», – ասաց Հակոբ Մ․-ն։
Ռուբլու արժեզրկման պատճառով մեր մյուս զրուցակիցը՝ Էմման, որոշել է գնալ որդիների և ամուսնու մոտ Ռուսաստան, քանի որ նրանք այնտեղ են աշխատում և ռուբլին ուղարկում իրեն, որն այլևս արժեք չունի։
«Ամուսինս և որդիներս այնտեղ են, նրանք ինձ ռուբլի են ուղարկում, այնքան է արժեզրկվել։ Ռուսաստանում ավելի հեշտ է ապրելը, քանի որ այնտեղ ռուբլին արժեք ունի և սնունդն ավելի էժան է»,- ասաց Էմման։
Չնայած այն հանգամանքին, որ ռուբլու ցածր փոխարժեքը չի գոհացնում, միևնույն է մարդիկ այլ տարբերակ չունենալով կրկին խոպան են գնում իրենց ընտանիքի օրվա ապրուստը հոգալու համար։