Նոյեմբերի 1-ին Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող «Ավերսի» կլինիկայից փախած բոլոր երեք բանտարկյալները ձերբակալվել են: Ձերբակալության մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, ներքին գործերի նախարարին և ոստիկանությանն աջակցության համար, որոնց շնորհիվ «որոնողական աշխատանքները հաջողությամբ են ավարտվել»։
«Այս գրեթե 24-ժամյա պատմությունը պետք է դաս լինի բոլորի համար, ովքեր փորձում են Վրաստանի անվտանգության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության վրա կենտրոնացած իրավապահ համակարգի դեմ անօրինական քայլեր անել»,- գրել է Բրեգաձեն։
Կլինիկայից փախած երեք բանտարկյալների գործով ձերբակալվել է նաև նրանց հսկողության համար պատասխանատու ուղեկցորդը։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ի սահմաններում հետազոտության նպատակով Թբիլիսիի Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող «Ավերսի» կլինիկա տարված երեք կալանավորները փախուստի էին դիմել: aliq.ge