Վրաստանում ձերբակալվել է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի քեռին` Լեւան Թումանիշվիլին: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրել է ապօրինի անտառահատման եւ հարկային փաստաթղթերի կեղծման մեջ: Մերաբիշվիլիի քեռին ղեկավարում է «Տաո» ընկերությունը, որը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում զբաղվում է ձեռներեցությամբ:
Դեկտեմբերի 15-ին քննչական ծառայությունը հայտարարել է, որ «Թումանիշվիլիի անմիջական ղեկավարությամբ» «Տաո» ընկերության աշխատակիցները Սամցխե-Ջավախքում «ապօրինի հատել են» անտառը, որի հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 150 000 լարի: Քննչական ծառայությունը նաեւ հայտնել է, որ «կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման ճանապարհով» ապրանքի իրացման ժամանակ Թումանիշվիլին «պարբերաբար ավելացրել է ծախսերը` այդպիսով խուսափելով պետբյուջե կատարելիք վճարումներից»:Civil.ge-ն հայտնում է, որ երկու հոդվածներն էլ, որոնցով մեղադրվում է Թումանիշվիլին, նախատեսում են նաեւ տուգանքային պատժամիջոցներ:
«Նովոստի Գռուզիան» գրում է, որ դեկտեմբերի 17-ին Լեւան Թումանիշվիլին Ախալցխայի քննչական մեկուսարանից տեղափոխվել է Թբիլիսիի համալսարանական հիվանդանոց: Պատճառն ուղեղի սնուցման խանգարումն է եղել: Բժիշկներն արգելել են հիվանդին տեղաշարժելը: NEWS.am