2016 թվականի հոկտեմբեր ամսին տեղական բյուջեից Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի վերանորոգման համար հատկացվել էր 22 հազար լարի գումար, որով նախատեսված էր մանրահատակի տեղադրում դպրոցում:
Տվյալ գումարը բավարարել է վերանորոգչական աշխատանքների միայն կեսն իրականացնելու համար, ինչի արդյունքում մանրահատակ տեղադրվել է մարզասրահի ընդամենը կես մասում: Արդեն չորս ամիս է մարզադպրոցում պարապմունքներ չեն ընթանում: Մարզական խմբակները իրենց պարապմունքներն այլ տեղերում են իրականացնում:
Մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքով՝ այս չորս ամիսների ընթացքում մարզադպրոցում պարապմունքներ չեն ընթացել, սակայն խմբակների մարզիչները աշխատել են և պարապմունքները իրականացրել են այլ շինություններում:
Վոլեյբոլի պարապմունքները ընթացել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում, իսկ կարատեինը՝ Երիտասարդության տանը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզադպրոցի համար գումար է նախատեսված նաև այս տարի, ըստ այդմ բոլոր կիսատ մնացած աշխատանքները կհասցվեն ավարտին:
Մանրմասների մասին լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան