“Օգնություն գյուղին” ծրագիրը դադարեցվել է, 2018 թվականին սպասվում է նոր ծրագիր

“Օգնություն գյուղին” ծրագիրը դադարեցվել է,  2018 թվականին սպասվում է նոր ծրագիր

“Օգնություն գյուղին” պետական ծրագիրը գործեց 2009 թվականից մինչև 2016 թվականը, որի շնորհիվ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում իրականացվեցին բարեկարգման մի շարք աշխատանքներ:

Ութ տարի տևած այս ծրագրով գյուղերի համար նախատեսված գումարները տրամադրվում էին համապատասխան այս կամ այն գյուղի բնակչության թվի:

Միայն 2016 թվականին գյուղերին ընդհանուր առմամբ տրամադրվել է 500 720 լարի: Ամեն գյուղի համար իր գյուղական ժողովն էր որոշում, թե ինչպես պետք է ծախսվեր գումարը:

Պետությունը այս տարի դադարեցրել է այդ ծրագրի ֆինանսավորումը` ելնելով այն հանգամանքից, որ քիչ բնակչություն ունեցող գյուղերը ստանում էին փոքր գումար, որը չէր բավականեցնում որոշակի աշխատանքներ կատարելու համար:

Պետությունը ֆինանսավորման նոր մեխանիզմ է մշակել, ըստ որի մինչև 2020թ. երկրում պետք է իրականացվեն ենթակառուցվածների զարգացման աշխատանքներ: Ըստ ֆինանսավորման նոր մեխանիզմի` մունիցիպալիտետը կարող է ներկայացնել ծրագիր 100 հազար և ավելի գումարի համար, որը կտրամադրի Վրաստանի Ենթակառուցվածների զարգացման նախարարությունը, իսկ մունիցիպալիտետը իր հերթին, ելնելով իր ֆինանսական հնարավորություններից, այս գումարին կավելացնի իր տեղական բյուջեի 5%-ը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը, վերոնշյալ նոր ծրագիրը ուժի մեջ կմտնի 2018 թվականից: Նրա խոսքով` նոր ծրագիրը էլ ավելի ռացիոնալ և ռեալ է:

Մանրամասների մասին լսեք մեր նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting