Ալիեւի մերձավորարեւելյան հե՞տք

Ալիեւի մերձավորարեւելյան հե՞տք

Ադրբեջանի ԱԳՆ հայտնում է Սիրիայի փախստականների ճամբարից տասնմեկ քաղաքացու հայրենդարձության մասին: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ նրանցից ինը երեխաներ են, երկուսը՝ կանայք եւ արդեն թուրք-սիրիական սահմանը հատել, գտնվում են Թուրքիայում:

Սիրիական ճգնաժամի ռազմական փուլում հազարավոր ադրբեջանցիներ կամավորագրվել եւ Իսլամական պետության զինառյալների շարքում կռվել են Բաշար Ասադի կառավարության դեմ: Ոմանք Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներում հաստատվել են ընտանիքներով:

Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. Բաքվում նույնիսկ ԻԼԻՊ-ի մի քանի զինյալների հրապարակային դատել են եւ ներկայացրել իբր հակաահաբեկչական միջազգային պայքարին աջակցություն:

Եվրոպայում գործող MeydanTV-ն իր հերթին հայտնում է, որ մոտ օրերս «հայրենիք կվերադառնան ադրբեջանցի տասնինը նավաստիներ»: Նրանք Թայբեի հյուրանոցներից մեկում ոստիկանության հսկողության տակ են անցյալ հունիսից ի վեր, երբ դիզելային վառելիք տեղափոխող լցանավը խորտակվել էր Թայվանի ափերի մոտ:

Ո՞վ է կազմակերպել նավաբեկյալ ադրբեջանցիների փրկությունը, ու՞մ էր պատկանում եւ ի՞նչ ծագման դիզվառելիք էր տեղափոխում լցանավը՝ ոչ մի մանրամասնություն հայտնի չէ, բայց ուշագրավ է, որ Բաքվի մամուլն այդ մասին որեւէ տեղեկություն չի տարածել:

Ըստ երեւույթին, լցանավը պատկանում էր Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը, եւ Բաքուն պաշտոնապես լռում է՝ չհրապարակայնացնելու Թայվանի հետ առեւտրա-տնտեսական կապերը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է Գազայի հատվածից յոթ ադրբերաջնցիների տարհանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, բայց չի մանրամասնել՝ խոսքը Ադրբեջանի քաղաքացիների՞, թե՞ այլ երկրի քաղաքացի հանդիսացող էթնիկ ադրբեջանցիների մասին է կամ ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով է յոթ ադրբեջանցի հայտնվել պատերազմական գործողությունների գոտում:

Հայտնի չէ նաեւ, թե արդյոք նրանք ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող օտարերկրացիների հետ միասի՞ն են «Ռաֆաթ» անցակետից մուտք գործելու Եգիպտոս, թե՞ այլ ընթացակարգով են տեղափոխվելու Ադրբեջան:

Տեղեկատվական այս համապատկերին ընդգծվում է եւս մեկ իրադարձություն. Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել կազմակերպված հանցավոր խմբի պարագլուխ Շենիզ Դեվրիշօղլունի:

2018թ. Դեվրիշօղլուն, որի նկատմամբ Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել, Վրաստանում ձերբակալվել եւ արտահանձնվել է թուրք իրավապահներին: Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, բայց 2020 թվականին ազատ է արձակվել ու անցել Ադրբեջան, որտեղ էլ գտնվել է մինչեւ Թուրքիային արտահանձման պահը:

Կարելի է ենթադրել, որ կազմակերպված հանցավոր խմբի պարագլուխը բանտից ազատ է արձակվել եւ ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Արցախի դեմ պատերազմին:

Արդյո՞ք նրա արտահանձնումը չի նշանակում, որ Դեվրիշօղլուն այսօր պահանջված է Թուրքիայում եւ կարող է հայտնվել Գազայում՝ պաղեստինցիների հետ իսրայելական բանակի դեմ կռվելու համար: Որպես կանոն՝ այդ բնույթի տեղեկատվությունը միայն սառցալեռան վերջրյա մասն է:

Աստանայում գումարվում է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով: Դրան նախորդել է Թուրքիայի նախագահի չափազանց կոշտ հռետորաբանությունը Իսրայելի եւ նրա արեւմտյան դաշնակիցների հասցեին: Թուրքիայի նախագահը կփորձի՞ թուրքախոս պետություններին հակաիսրայելական առնվազն քաղաքական քայլերի մղել: Մերձավոր Արեւելքի հետ Ադրբեջանի առնչությունների մասին տեղեկատվական «ներարկումները» չե՞ն ազդանշում Բաքվի արտաքին քաղաքական ուղեգծի «վերբեռնում»:https://www.1in.am/