«2024 թվականից նախկին իրավապահների կենսաթոշակը կավելանա մինչև 1000 լարի»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ մինչ այս կենսաթոշակի առավելագույն չափը կազմում էր 560 լարի։
«Կարևոր նորություն, որը, կարծում եմ, կարևոր է մեր հարգարժան իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար։ Մենք որոշում ենք կայացրել, և նախկին ոստիկանները, զինվորները, հետախույզները բարձրացված թոշակներ են ստանալու։ Դուք գիտեք, որ առավելագույն կենսաթոշակը եղել է 560 լարի, որը կբարձրացվի մինչև 1000 լարի։ Նաև ծառայության յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված գումարը կավելանա միջինը 20%-ով։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր իրավապահ մարմիններին, սա կլինի արժանապատիվ կենսաթոշակ, որը մենք ցանկանում ենք աստիճանաբար բարձրացնել՝ կախված եկամուտներից։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների ընտանիքի անդամներին։ Նրանց փոխհատուցումը 1000 լարիից կդառնա 1200 լարի։ 2012 թվականին փոխհատուցման չափը զրոյական է եղել, եւ այդ մարդկանց ուշադրություն չի դարձվել։ Որպես ամսական փոխհատուցում կնշանակենք 1200 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։