ԵՄ-ն հայտարարել է Վրաստանում ճանապարհային անվտանգության բարելավմանը 16 միլիոն եվրո ուղղելու մասին

ԵՄ-ն հայտարարել է Վրաստանում ճանապարհային անվտանգության բարելավմանը 16 միլիոն եվրո ուղղելու մասին

Եվրոպական միությունը հայտարարել է Վրաստանում ճանապարհային անվտանգության բարելավմանը 16 միլիոն եվրո ուղղելու մասին

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյն ու Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը Բրյուսելում կայացած «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 25-ին պաշտոնականացրել են ֆինանսական մի փաթեթ, որով Եվրոպական հանձնաժողովը ԵՆԲ Գլոբալի միջոցով կտրամադրի 16 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Վրաստանի Արեւելք-Արեւմուտք մայրուղու երկայնքով ճանապարհային անվտանգության բարելավման համար։

Ծրագիրը կներառի ճանապարհների ֆիզիկական անվտանգության բարելավման, ինժեներական ծառայությունների մատուցման եւ իրազեկման բարձրացման միջոցառումներ: Նշված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների թվի եւ դրանց ծանր հետեւանքների նվազմանը։ Ավելին, Վրաստանը Եվրոպային կապող ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T), ինչպես նաեւ տեղական տրանսպորտային որոշ առանցքների անվտանգության ուժեղացումը կբարելավի երկրի առեւտրային կապերն ու տնտեսական աճը:

Ծրագիրը նաեւ զգալիորեն նպաստում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող Տրանսկասպյան միջանցքի երկայնքով տրանսպորտային կապի բարելավմանը։

«Արեւելյան գործընկերության տարածաշրջանում մեր միակցվածության օրակարգն իրականացվում է մեր Տնտեսական եւ ներդրումային ծրագրի միջոցով: Միակցվածության բարելավումը կենտրոնական դեր ունի այդ ծրագրում։ Վրաստանի Արեւելք-Արեւմուտք մայրուղու ուղղությամբ այս նոր ներդրմամբ մենք բարելավում ենք Վրաստանի կապը Եվրոպայի հետ, ինչպես նաեւ նրա ճանապարհային անվտանգությունը, ճանապարհային պայմանները եւ, ի վերջո, կրճատում ենք ճանապարհորդության ժամանակը բոլոր վրաստանցիների համար: Արեւելք-Արեւմուտք մայրուղին նաեւ նոր տնտեսական եւ առեւտրային հնարավորություններ է բացում Վրաստանի համար, քանի որ այն ամրապնդում է Վրաստանի՝ որպես Տրանսկասպյան միջանցքի երկայնքով առեւտրային հանգույցի դերը»,- ասել է հանձնակատար Վարհեյը։

Հոկտեմբերի 25-26-ին Բրյուսելում կայացած Global Gateway ֆորումն առաջին անգամ մեկ տեղում է հավաքել Եվրոպական միության եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կարծիքի առաջատարների, ֆինանսական հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների առանցքային շահագրգիռ կողմերի՝ փոխակերպվող ենթակառուցվածքներում գլոբալ ներդրումները խթանելու նպատակով։

Global Gateway-ը ԵՄ-ի դրական առաջարկն է՝ նվազեցնելու համաշխարհային ներդրումային խզվածքը եւ խթանելու թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում խելացի, մաքուր եւ անվտանգ կապերը, ինչպես նաեւ ամրապնդելու առողջապահական, կրթական եւ հետազոտական համակարգերը: Global Gateway ռազմավարությունը մարմնավորում է Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետությունները եւ Եվրոպայի զարգացման ֆինանսական հաստատությունները միավորող «Թիմ Եվրոպա» մոտեցումը: Ընդհանուր առմամբ այն նպատակ ունի մինչեւ 300 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել 2021-2027 թվականներին:

Վրաստան. ԵՄ-ի աջակցությամբ բացվել է Արեւելք-Արեւմուտք մայրուղու Ուբիսա-Շորապանի ճանապարհահատվածը

Հոկտեմբերի 28-ին պաշտոնապես բացվել է Վրաստանի Արեւելք-Արեւմուտք մայրուղու Ուբիսա-Շորապանի ճանապարհահատվածը: Մայրուղու նոր չորս գոտի ունեցող 27 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ներառում է 65 կամուրջ եւ 38 թունել:

Այն Եվրոպական միության աջակցությամբ կառուցվող յոթ ճանապարհահատվածներից մեկն է. Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է մոտ 1 միլիարդ եվրոյի վարկեր, իսկ Եվրոպական միությունը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 42 միլիոն եվրոյի դրամաշնորհներ: Նշված դրամաշնորհները նպաստում են Վրաստանում ավելի քան 150 կմ ավտոճանապարհի կառուցմանը։

Մայրուղին կազմում է ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) եւ Միջին միջանցքի կարեւոր մասը:

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, որը պատասխանատու է Վրաստանում Բանկի գործունեության համար, նշել է, որ այս նախագիծը նպաստում է Եվրոպական միության եւ Վրաստանի մերձեցմանը. «Վրաստանի ճանապարհատրանսպորտային համակարգի ողնաշարին՝ Արեւելք-Արեւմուտք մայրուղուն «Թիմ Եվրոպայի» աջակցությունը նպաստում է երկրի կապին աշխարհի հետ, տեղական շարժունակությանը եւ տնտեսական աճին»:

«GRETA» ծրագիրը ներկայացրել է Վրաստանում լեռնային զբոսաշրջության եւ օրգանական գյուղատնտեսության ամրապնդման ուղղությամբ ձեռքբերումները

Եվրոպական միության կողմից մասնակիորեն ֆինանսավորվող «GRETA» ծրագիրը հոկտեմբեր ամսին կայացած ամփոփիչ միջոցառման ժամանակ ներկայացրել է իր ձեռքբերումները՝ ցույց տալով, թե ինչպիսի օգուտներ է բերել ծրագիրը Վրաստանի լեռնային շրջաններում ապրող մարդկանց:

«Կանաչ տնտեսություն. կայուն լեռնային զբոսաշրջություն եւ օրգանական գյուղատնտեսություն» (GRETA) ծրագիրն իրականացվում է Վրաստանում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Եվրոպական միության, Ավստրիայի եւ Շվեդիայի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել գործարար միջավայրի բարելավմանը եւ եկամուտների նոր հնարավորությունների ստեղծմանը Վրաստանի տնտեսության երկու կարեւոր ոլորտներում՝ լեռնային զբոսաշրջություն եւ օրգանական գյուղատնտեսություն: Ծրագիրն ակտիվ էր Մեստիա, Լենտեխ, Ծագեր, Օն, Ամբրոլաուր, Սաչխերե, Ճիատուրա եւ Տղիբուլ բնակավայրերում։

Ծրագրի շնորհիվ Վրաստանի լեռնային շրջաններից ավելի քան 300 փոքր եւ միջին ձեռնարկատերեր ընդլայնեցին իրենց հնարավորությունները մարքեթինգի, բրենդինգի եւ առեւտրային գործունեության կառավարման այլ հմտությունների վերապատրաստման միջոցով:

Բացի այդ, 20 լեռնագնացներ ստացել են միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական հավաստագիր, իսկ մասնավոր եւ պետական բիզնեսի շուրջ 30 ներկայացուցիչներ ծանոթացել են կենսաարտադրության հիմունքներին՝ համակողմանի վերապատրաստման միջոցով:

Ծրագրի աջակցությամբ ստեղծվել են թեյի եւ գինու ասոցիացիաներ, ինչպես նաեւ ինը զբոսաշրջային պրոդուկտներ, որոնք նոր գրավչություն են հաղորդել տարածաշրջանին։

Վրաստան. ԵՄ դեսպանն այցելել է Շիդա Քարթլիում ԵՄ աջակցությունից օգտվող ֆերմերներին

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին այս շաբաթ այցելել է Շիդա Քարթլիի մարզի Նադարբազեւի եւ Կիցնիսի գյուղեր՝ հանդիպելով տարածաշրջանին Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջոցով ցուցաբերվող ԵՄ աջակցությունից օգտվող ֆերմերների հետ։

Հացահատիկային մշակաբույսերի եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ֆերմերներն ու մեղվաբույծները հնարավորություն ունեցան դեսպան Հերչինսկիի հետ կիսվելու իրենց փորձով եւ բացատրելու, թե ինչպես է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Եվրոպական միության եւ Շվեդիայի աջակցությամբ իրականացվող «ENPARD» գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում նրանց օգնել բարելավել պարենային անվտանգությունը, սննդի անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը։

Ծրագրի ընթացիկ փուլն օգնել է ավելի քան 200 հացահատիկային ֆերմերների՝ մշակելու 1,500 հեկտար հողատարածք Վրաստանում: Հողի անվար մշակության սարքավորումների հասանելիության բարելավումը նպաստել է արտադրական ծախսերի նվազմանը: Կարեւորն այն է, որ նրանց դաշտերն ավելի դիմակայուն են դարձել շրջակա միջավայրի ռիսկային գործոնների եւ կլիմայի փոփոխության նկատմամբ: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նաեւ սննդի անվտանգության ստանդարտների վերաբերյալ վերապատրաստում է անցկացրել ավելի քան 2,000 ֆերմերների համար։

«Ես ուրախ եմ, որ Եվրոպական միությունը Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ միասին կատարելագործում է վրացական գյուղատնտեսական տեխնոլոգիաներն ու մեթոդները, որպեսզի պաշտպանի շրջակա միջավայրը եւ օգնի վրացի ֆերմերներին ավելի մեծ շահույթ ստանալ։ «ENPARD» ծրագիրը կարեւոր ներդրում է ունեցել երկրի գյուղատնտեսության զարգացման գործում: Մենք ուրախ ենք աշխատել ֆերմերների, սննդի արտադրության ձեռնարկությունների եւ պետական հաստատությունների հետ՝ համատեղ ջանքերով Վրաստանում ավելի կայուն եւ ծախսարդյունավետ գյուղատնտեսության կայացման համար», – նշել է դեսպան Հերչինսկին:

«ENPARD» ծրագիրն իրականացվում է 2013 թվականից՝ գյուղական աղքատության կրճատման նպատակով: Ծրագրի մեկնարկը տրվել է՝ ազգային գյուղատնտեսական ներուժի զարգացմանն աջակցելով: Այնուհետեւ այն կենտրոնացել է նաեւ Վրաստանի գյուղական բնակչության համար տնտեսական հնարավորությունների ստեղծման վրա։ 2021 թվականից ծրագիրն աշխատում է նաեւ երկրում սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ՝ Շվեդիայի կողմից լրացուցիչ աջակցությամբ, ինչպես նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու Չեխիայի զարգացման գործակալության հետ համագործակց

Եվրոպական համերաշխության կորպուսն անցկացնում է կամավորական գործունեության վերաբերյալ առցանց դասընթաց. մասնակցության վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է

Եվրոպական համերաշխության կորպուսն անցկացնում է կամավորական գործունեության վերաբերյալ անվճար զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC)։

Այն անցկացվում է HOP հարթակում եւ մասնակիցների ընտրության գործընթաց չի ենթադրում: Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն բովանդակության մեծ մասը հասանելի է իսպաներեն, իտալերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով:

Եվրոպական համերաշխության կորպուսը (ԵՀԿ) ԵՄ նախաձեռնություն է, որը Եվրոպական միության եւ այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդներին թույլ է տալիս ներգրավվել կամավորական ծրագրերում։

Դասընթացն ընդհանուր տեղեկատվություն է տրամադրում ԵՀԿ շրջանակներում կամավորության վերաբերյալ. ինչպես կազմակերպել կամավորական ծրագիր եւ ինչպես դառնալ կորպուսի կամավոր, ինչպես երիտասարդական խումբը կարող է պատրաստել եւ իրականացնել համերաշխության տեղական նախագիծ, որոնք են նորաստեղծ «Մարդասիրական օգնության» ուղղության հնարավորությունները, ինչպես պատրաստել ԵՀԿ դրամաշնորհի դիմում, ինչպիսի աջակցություն է հասանելի ԵՀԿ ծրագրերում ներգրավված երիտասարդների համար, եւ այլն։

Դասընթացը հասանելի է այստեղ՝ մինչեւ ս.թ. նոյեմբերի 12-ը։

Հոկտեմբերի 27-ին, ԿԵԺ ժամանակով ժամը 14:00-ին կանցկացվի «Համայնքային ազդեցություն» թեմայով վեբինար: Դասընթացի մասին համառոտ ակնարկը հասանելի է YouTube-ում:

EU4Youth. Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսն առաջարկում է կրթաթոշակներ 2024-25 ուսումնական տարում «Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրն անցնելու համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը երիտասարդների համար» (EU4Youth) ծրագիրն ընդունում է հայտեր Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) ուսանողներից՝ 2024-25 ուսումնական տարում Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Լեհաստան) «Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրն անցնելու համար

Կրթաթոշակները կծածկեն ուսման վարձի, սննդի եւ համալսարանական կամպուսում կեցության ծախսերը։ Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից համաֆինանսավորվող «EU4Youth III՝ Երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագրի ծրջանակներում։

Կրթաթոշակներ տրամադրելու հարցում առաջնահերթությունը կտրվի անապահով ուսանողներին, թեեւ դիմելու իրավասություն ունեն վերոնշյալ երկրները ներկայացնող բոլոր ուսանողները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 16-ն է:

Եվրոպայի քոլեջը մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա իր բոլոր մագիստրոսական ծրագրերի համար առցանց դիմումների ընդունման գործընթացը։ Հատկանշական է, որ Արեւելյան գործընկերության երկրների ուսանողների համար հասանելի են նաեւ այլ կրթաթոշակներ՝ դիմումների ընդունման միեւնույն վերջնաժամկետով:

Radio NOR · ԵՄ-ն հայտարարել է Վրաստանում ճանապարհային անվտանգության բարելավմանը 16 միլիոն եվրո ուղղելու մասին

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։