Ղուլալիս գյուղից դեպի Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղի տանող ճանապարհը վերանորոգման կարիք ունի, և, ըստ բնակիչների, ճանապարհի ասֆալտապատման տարեկան խոստումները դեռ չեն կատարվել։
Այցելեցինք Ղուլալիս գյուղ՝ պարզելու գյուղից Նանոծմինդա-Ախալքալաք մայրուղի տանող ճանապարհի վիճակը։
Չնայած ճանապարհի մասնակի ասֆալտապատմանը, Ղուլալիս գյուղի բնակչությունը դեռ դժգոհություն է հայտնում, քանի որ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված չէ, և, բնակիչների խոսքով, մեքենաները դժվարությամբ են շարժվում. «Ճանապարհը սարսափելի վիճակում է։ Մեքենաների համար դժվար է հատկապես այնտեղ, որտեղ բարձրանում է, իսկ ձմռանը մեքենաները խրվում են»,- ասաց Ղուլալիս գյուղի բնակիչներից մեկը։
Պարզելու համար, թե ինչ է նախատեսում անել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը այս խնդրի հետ կապված, կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության հետ։ Մասնագետ Արարատ Դարբինյանի խոսքով՝ այս տարի ճանապարհը չի կառուցվել, քանի որ բյուջեից գումար չի հատկացվել, սակայն կա նախագիծ, ըստ որի՝2024թ-ին մարզային ֆոնդից միջոցներ է հատկացվելու: Արարատ Դարբինյանը նշեց նաև, որ ճանապարհի մի մասը ասֆալտապատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական ընկերությունը, քանի որ ճանապարհը շահագործվել է իրենց կողմից, և իրենց պատասխանատվությունն է ասֆալտապատել իրենց քանդած հատվածը, իսկ մնացած հատվածը կասֆալտապատվի հենց քաղաքապետարանի կողմից։
Հոկտեմբերի 5-ին NOR ռադիոն հայտնել է, որ Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհից Ղուլալիս գյուղ տանող ճանապարհը մասնակի ասֆալտապատվել է և հարթվել։ Աշխատանքներն իրականացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական ընկերությունը, ճանապարհ է կառուցվել դեպի բետոնի գործարան։