Սոված Օնիկը (Շիրազը) փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու… հուշեր Շիրազի մանկությունից

Սոված Օնիկը (Շիրազը) փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու… հուշեր Շիրազի մանկությունից

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար։

«Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես…»

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ…»։

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը սակայն փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող։

Ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու … սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր… արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։
Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։
Սկզբում իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է. «…Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Հովհաննես Շիրազ