Նինոծմինդայի կենտրոնական կամրջի կոսմետիկ վերանորոգումից հետո դեռևս կան թերություններ

Նինոծմինդայի կենտրոնական կամրջի կոսմետիկ վերանորոգումից հետո դեռևս կան թերություններ

Ճանապարհաշինական «გზა და ხიდი» ընկերությունը օրեր առաջ կոսմետիկ վերանորոգել է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական կամուրջը։

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ գլխավոր ճանապարհի բոլոր կամուրջները վերանորոգվում են։ Նինոծմինդայում միայն մեկ կամուրջ կա, և միայն այս մեկն է վերանորոգվում։ Ուրիշ տեղերում, որտեղ մի քանիսն են, բոլորը նորոգվում են։ Աշխատանքներ են նախատեսվում պանելների սվաղը և ներկը վերականգնելու ուղղությամբ։

Սակայն, չնայած իրականացված կոսմետիկ վերանորոգմանը, մետաղալարով պահվող ցանկապատը մնում է անփոփոխ։ Նաև կամրջի հետիոտնային հատվածը ճաքճքել է և տեղ-տեղ անգամ փլուզվել։

Հարկ է նշել, որ մի քանի ամիս առաջ Radio NOR-ը հայտնել էր կենտրոնական կամրջի ցանկապատի վերանորոգման անհրաժեշտության մասին։

Քանի որ այս կամուրջը գտնվում է մայրուղու վրա, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից։ Մենք պաշտոնական գրություն ուղարկեցինք գերատեսչություն՝ կամրջի հնարավոր հիմնանորոգման խնդրանքով: Պատասխան ստանալուն պես կտեղեկացնենք մեր հաջորդ նյութերում։

Հավելենք, որ Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի վրա գտնվող կամուրջը քաղաքի կենտրոնական հատվածը Խոջաբեկ թաղամասի հետ կապող կարեւոր տրանսպորտային հանգույց է։

Սա գլխավոր ճանապարհն է, որով անցնում է հիմնական երթեւեկությունը։ Ամեն օր հարյուրավոր մեքենաներ, բեռնատարներ և մարդատար մեքենաներ, որոնք հիմնականում ուղղվում են դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, անցնում են այս կամրջով։ Այս կամուրջը կառուցվել է անցյալ դարի 40-ականներին, վերջին տարիներին մի քանի անգամ իրականացվել են կոսմետիկ վերանորոգումներ, երկաթե ճաղերի փոխարինում և ներկում։