Ախալցիխեում՝ Ռաբաթի պատմական թաղամասում, որը մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ ունի, բնակչությունը տարիներ շարունակ անհանգստացած է շինարարության թույլտվություն ստանալու դժվարությամբ։ Ինչպես իրենք են ասում, նույնիսկ բնակելի տան վնասված տանիքը չեն կարողանում վերանորոգել, քանի որ «Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը» թույլտվությունները դժվարությամբ է տալիս։ Լինում են նաև բացառիկ դեպքեր, երբ կոնկրետ անձինք թույլտվություն են ստացել և շինարարական աշխատանքներ են իրականացնում։ «Հարավային Դարպաս»-ը հետաքրքրվել է, թե ինչի հիման վրա է տրվել համաձայնություն, սակայն մշակույթի գործակալությունը չի արձագանքել հանրային տեղեկատվությանը։ sknews.ge
Ռաբաթի բնակավայրում առաջին տունը, որը մեզ հանդիպում է Սոֆիա Սահակյանին է պատկանում։ Նեղ փողոցում գտնվող տան պատշգամբը հաճախ վնասվում է բեռնատարների կողմից։ Սահակյանները բազմիցս փորձեցել են վերանորոգել այն իրենց ուժերով, սակայն նրանց թույլ չեն տվել։
«Նեղ փողոց է, և բեռնատարները հաճախ են վնասում իմ տան պատշգամբը։ Ամուսինս տախտակներ էր գնել, ուզում էինք վերանորոգել, չգիտեմ որտեղից, հանկարծ հայտնվեցին Մշակութային ժառանգության պահպանության գործակալության աշխատակիցներն ու ասացին, որ հնարավոր չէ և , որ մինչև աշխատանքները սկսելը պետք է դիմում գրենք։ Երբ Ռաբաթին վերականգնվեց, ասվում էր, որ այստեղ ընդհանրապես չպետք է մեծ մեքենաներ վարեն»,- մեզ ասում է Սոֆիան։
Նրա խոսքով՝ գործակալություն դիմելու համար անհրաժեշտ է շինարարական նախագիծ, որը անապահով ընտանիքների համար կապված է մեծ ծախսերի հետ։
Խաթունա Ոսկանյանը և իր ընտանիքը տարիներ շարունակ փորձում են լուծել շինարարական թույլտվությունների հետ կապված խնդիրները։ Ոսկանյանները Ռաբաթի բնակավայրում ունեն երկու ընտանեկան հյուրանոց (Քեսանե և Հին Ռաբաթ):
«Չորս տարի դիմել ենք «Հին Ռաբաթ» հյուրանոցի պատշգամբի նախագիծն անելու համար, միայն այս գնալ գալու ու նախագծերի վրա երեւի 10 000 լարի ենք ծախսել։ Նույնիսկ եթե ուզենք ծաղկամանի մեջ ծաղիկ դնել, գալիս նկարում են։ Պատշգամբում ծաղիկ տեղադրելու համար ինչպե՞ս նախագիծ կազմեմ: Ընդհանրապես ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է անում։ Այս թաղամասն այնպիսին է, որ բոլորը պետք է ինչ-որ բան ունենան: Տարածքը զարգացման կարիք ունի։ Երբ տուրիստ է գալիս, մի նորմալ ռեստորան չկա։ Եթե զարգանա, ավելի շատ գրավչություն կունենա, ավելի շատ մարդիկ կգան»,- ասում է նա։
Անցյալ տարի Խաթունա Ոսկանյանի ընտանիքը որոշել էր բետոնե սալահատակ դնել «Քեսանե» ընտանեկան հյուրանոցի դիմաց, որը անկարգ էր և գործակալությունը նրանց տուգանեց 12 000 լարիով։
«Մեր բակում ցեխ ու հող կար։ Փոքր հատվածի վրա բետոն լցրինք։ Կովիդի ժամանակ մեզ տուգանեցին 12 000 լարիով։ Մեզնից երկու տարի պահանջվեց դատարանում դատավարություն անելու համար, և մեզ թողեցին 6000 լարի տուգանք։ Սրան էլ բողոքեցինք, մեզ լրիվ ազատեցին պարտավորվածությունից։Բայց մեզնից երկու տարի պահանջվեց արդարանալու համար, որ մենք ոչ մի բանում մեղավոր չենք։ Մեզ տուգանեցին, քանի որ ստացվում է, որ պետք է մեկին վարձեինք, որ նախագիծն աներ, հետո լցնեինք… Չէ՞, որ պետք է հնարավորություն տան ժամանակին ինչ-որ բան անելու։ Նախ պետք է մեկ ամիս փնտրել, թե ում հետ գործ սկսել։ Ինչ-որ բան անելու ծախսերը առանց այն էլ շատ են և դրան ավելանում են լրացուցիչ ծախսեր։ Եթե ուզես բակ սարքես ու խնայողություններ ունես,այն կծախսես այս փնտրտուքի վրա և սարքելու ոչինչ քեզ չի մնա… ոչինչ չենք կարողանում անել, ժամանակի ընթացքում մեր ունեցածն էլ կփչանա»,- ասում է նա։
Բացի վերը նշվածից, Ոսկանյանը խնդիրներ ունի նաև հին բնակելի տան վնասված տանիքի վերանորոգման թույլտվության հետ կապված։
«Հայկական եկեղեցու մոտ տուն ենք գնել։ Այս տունը մշակութային նշանակություն չունի՝ հասարակ տուն է, որը կանգնած է Ռաբաթի հարեւանությամբ։ Մենք ուզում էինք տանիքը փոխել, ոչ ավելին։ Ներսում հազիվ վերանորոգեցինք, վերանորոգումն աղետալի գներ արժեցավ։ Բայց ջուրը իջնում է: Երբ անձրև է գալիս, ես ու ամուսինս մեր ծղոտե ներքնակներով կանգնում ենք տանիքում, որպեսզի ներքևի վերանորոգումը չփչանա։ Եթե անգամ մի սկոտչ ժապավեն կպցնես տանիքին, ամբողջ քաղաքապտարանը գալիս է և կռիվ է սարքում, որ մենք իջնենք և ոչինչ չանենք։ Ի՞նչ անենք։ Պարիսպն էլ վերանորոգման կարիք ունի։ Այս վայրը կարծես լքված տուն լինի։ Ցանկապատի «սետկան» ջարդված է, քանդված։ Եթե հանենք ու նորը սարքենք, կտուգանվեք 6000 կամ 12000 լարիով։ Մեզ չի թույլատրվում նույն (նոր) «սետկայից» դնել, ասում են տեսքը կփչացնա,իսկ հիմա գեղեցի՞կ է? Այժմ տանիքը ծածկված է «շիֆերով», որն արգելված է, քանի որ այն պարունակում է որոշ թունավոր նյութեր,չէ ո՞ր կարելի է հանել և նորը տեղադրել՝ առանց որևէ այլ բան փոխելու։ Մենք դեռ սպասում ենք պատասխանի։ Երբեմն գույնը չեն հավանում, երբեմն սետկայի հաստությունը․․․ Մենք չկարողացանք բավարարել նրանց կարիքները։ Ժամանակն են ուզում երկարացնել»,- ցավում է նա։
Ի տարբերություն Ոսկանյանի, «Նիցա» հյուրանոցում ասում են, որ պատմական թաղամասում շինարարության թույլտվությունը հեշտությամբ են ստացել։
«Մենք գնացինք Թբիլիսի, մեզ շատ աջակցեցին։ Երկրորդ հարկը կառուցել ենք 2018-19թվականներին։ Խնդրեցին փաստաթղթերը, հավաքեցինք, բերեցինք ու մեկ ամսվա ընթացքում թույլտվություն տվեցին։ Կառուցելուց հետո, միայն եկան ու զննեցին, և վերջ»,- ասում է դրա սեփականատեր Ելենա Կոզինկան։
Ռաբաթում այժմ եռահարկ հյուրանոց է կառուցվում։ Տարածքը պատկանում է «Վրացական երազանք»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Զազա Գելաձեին։ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին, Զազա Գելաձեն Ախալցիխեի Ցիխիսձիրի N18-ում, 19 500 լարիով գնել է 124 քմ մակերեսով ոչ գյուղատնտեսական հողատարածք։ 2016-2020 թվականներին Գելաձեն Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանքներից» Ախալցիխե-Ադիգենի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեի բյուրոյի ղեկավարն էր։
Զազա Գելաձեի խոսքով, հյուրանոցի կառուցման թույլտվությունը տվել է «Մշակութային ժառանգության գործակալությունը», մյուսների նման, համապատասխան փաստաթղթերը պատրաստելուց հետո։ Նրա խոսքով՝ շինարարության թույլտվություն ստանալը կապված չէ նախկինում իր բարձր պաշտոնում աշխատանքի հետ։
«Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունից թույլտվություն ունեմ։ Այս տարի, եթե չեմ սխալվում, թույլտվությունը ստացել եմ մարտին։ Դժվարություններ չեմ ունեցել (շինարարության թույլտվություն ստանալու գործընթացում)։ Տեսարանը չփակեցինք, թե չէ քառահարկ էի ուզում։ Գործակալությունում մեզ ասացին, որ հնարավոր է առավելագույնը երեք հարկ։ Ամեն ինչ վերահսկվում է։ Նրանք ունեն ներկայացուցիչ, և նա հաճախ է գալիս։ Ըստ շինարարության՝ նաև ճշգրտումներ են արվում և մեզ հավանություն են տալիս։ Այն կհամապատասխանի տարածքի տեսողական տեսքին, կլինի կարմիր աղյուս: Շինարարության առաջին փուլն ավարտելուն պես արդեն լուսանկարներն ուղարկել ենք»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ նախագծում ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի մշակութային ժառանգության պահպանության գործակալության հետ։ Շինարարությունը, ըստ ծրագրի, պետք է ավարտվի 2024 թվականի մայիսին։
«Հարավային դարպասը» նշված խնդրի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն էր խնդրել այս տարվա հոկտեմբերի 18-ին, սակայն Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունից մինչ օրս պատասխան չենք ստացել։
Ռաբաթի մյուս հյուրանոցներում էլ ասում են, որ տարածքի բնակչության զգալի մասը շինարարության թույլտվության հետ կապված խնդիրներ ունի, թեպետ չգիտենք՝ ինչ պատճառներով։ «Հարավային դարպասը» տարիներ շարունակ գրում է այս թեմայով։
Մեզ հայտնի չէ՝ շինարարության թույլտվությունների հարցում ՏԻՄ-ի որևէ ներգրավվածություն կա, թե ոչ։ Խմբագիրները հարցեր են ուղարկել Ախալցիխեի քաղաքապետարան և սպասում են պատասխանի։