Ղարիբաշվիլին և Փաշինյանը պանելային քննարկման են մասնակցել

Ղարիբաշվիլին և Փաշինյանը պանելային քննարկման են մասնակցել

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել են «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկման: Այս մասին գրառում է կատարել իր սոցիալական էջում Նիկոլ Փաշինյանը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ևս տարածում է տեղեկատվություն պանելային քննարկման վերաբերյալ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ տարածաշրջանում մարտահրավեր են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Վրաստանի օկուպացված տարածքները։

«Վրաստանն Ադրբեջանի հետ ունի ռազմավարական գործընկերություն և բարեկամական հարաբերություններ. Վրաստանը ռազմավարական գործընկերություն և բարեկամական հարաբերություններ ունի մեր քույր ազգի՝ Հայաստանի հետ։ Այսպիսով, Վրաստանն այս իրավիճակում չի կարող կողմնակալ լինել։ Վրաստանը 100 տոկոսով չեզոք է», — ասել է Ղարիբաշվիլին։

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովը» կայացել է նոյեմբերի 10-11-ին։ Ֆորումին ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Aliq.ge