Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Սերգո Աբշիլավան իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի–Քեթի ավտոճանապարհի 2-րդ ոլորանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով՝ բախվել երկաթե արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ՝ Աղասի Խաչատարյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն են կատարել նույն գումարտակի ավագ պարեկ Նաիրի Գաբրիելյանը, պարեկներ Գնել Մանուչարյանը, Տիգրան Ավոյանն ու Արտյոմ Սիմոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: shamshyan.com