Նոյեմբերի 10-ին Jnews-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք Դիլիսկա գյուղի մանկապարտեզում թեստերի պատճառով ստեղծված խառնաշփոթն ու կողմերի բացատրությունները։ Այդ հոդվածի հրապարակումից հետո Դիլիսկայի մանկապարտեզի նախկին մենեջերը կապ է հաստատել մեզ հետ և ասել, որ շրջանի մանկապարտեզներում ժամկետանց սնունդ են երեխաներին տալիս, նույնաբովանդակ մեկնաբանություն թողնելով նաև Facebook-ում, որը բուռն քննարկման թեմա դարձավ, ինչին արձագանքեցին Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման ներքո գործող նախակրթարանների մենեջերները։ Նրանք իրենց իսկ նախաձեռնությամբ Jnews-ի խմբագրություն են եկել և հավաքական հարցազրույց տվել՝ հերքելով ժամկետանց սնունդի մասին մեղադրանքները, դրանք համարելով վիրավորական։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը
«Դիլիսկայի մանկապարտեզի շուրջ առաջացած իրարանցումն ու լաբորատորիաները» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Դիլիսկայի մանկապարտեզի նախկին մենեջեր Մանիկ Գաբրիելյանը հեռախոսակապ է հաստատել մեզ հետ և ասել․
«Ուզում եմ նշել, որ երբ մանկապարտեզում բացակաները շատանում են, կաթնեղենն ավելանում է, պարտադրում է (խմբ․ ի նկատի ունի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանին), որ երեխաներին տանք, ես երբևիցե չեմ տվել, իսկ մյուս մենեջերներին պարտադրել է, անգամ աուդիտից նկատողություն են ստացել։ Պետք է ժամկետանց կաթնամթերքով թխվածք պատրաստեինք։ Ծնողներին հորդորում եմ ուշադիր լինեն իրենց երեխաների համար»։
Շրջանի բոլոր մանկապարտեզների մենեջերները վերոգրյալն ընդունել են որպես անձնական և կոնկրետ վիրավորանք իրենց մանկապարտեզների հասցեին։ Նրանք վստահեցնում են , որ մանկապարտեզներում երեխաները երբևիցե ժամկետանց սնունդ չեն կերել, առավել ևս կաթնամթերք:
«Չի եղել դեպք, որ նա (խմբ․ ի նկատի ունեն Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանին) մեզ ասի անժամկետ սնունդ ստացեք: Մենք կարդացինք հոդվածը և ֆեյսբուքում Մանիկ Գաբրիելյանի մեկնաբանությունը և շատ վատ զգացինք, ծնողները, որը կարդան ի՞նչ կմտածեն, նման բան չի կարող լինել: Մենք առավոտյան ժամը 8:30-ին սնուդն ենք ստանում, քանի գլուխ ունենք, որ ժամկետանց կաթնամթերք վերցնենք ու երեխաներին տանք, երեխաների համար մենք ենք պատասխանատու: Եղել է, որ միսը մեր դուրը չի եկել, զանգահարել ենք Անահիտին, ասել է հետ ուղարկեք։ Սա շատ վիրավորական է, թող ծնողներն ասեն, թե մի օր իրենց երեխաներին սրտխառնոցով կամ փորացավով տուն տարել են, կամ թունավորման այլ ախտանիշներով: Սկզբում մենք ենք փորձում, հետո նոր երեխաներին ենք տալիս», – ասում են մենեջերները:
Վերջիններս վստահեցնում են՝ իրենք ամեն շաբաթ թարմ սնունդ են ստանում։ Ամսվա ընթացքում նվազագույնը երկու անգամ, պատահական ստուգման են գնում՝ ինչպես աուդիտից, այնպես էլ սննդի ազգային կենտրոնից։ Մանկապարտեզներում սնունդ են ստանում շաբաթը մեկ՝ երկուշաբթի օրերին, իսկ հինգշաբթի օրերին մենեջերները ներկայացնում են անհրաժեշտ սննդի ցանկը։
Չնայած մենեջերներին գլխավորապես անհանգստացրել և բարկացրել է այն փաստը, որ Դիլիսկայի մանկապարտեզի նախկին մենեջերը ֆեյսբուքում գրել է ժամկետանց ուտելիքի մասին և ծնողներին հորդորել ուշադիր լինել, այլև մյուս թեմաները, օրինակ այն, որ Մանիկ Գաբրիելյանն ասում է, որ թեստ հանձնելը կոնկրետ լաբորատորիայում Անահիտ Ասատուրայանի ընտանեկան բիզնեսն է։
Ախալքալաքի թիվ 2 նախակրթարանի մենեջերի խոսքով, իրենք մենեջերներով հավաքվել և միասին շրջել են Ախալքալաքի լաբորատոր կենտրոններում և հետաքրքրվել, թե կոնկրետ որտեղ կարող են հանձնել թմրանյութի թեստ։ Այդ պահի դրությամբ Ախալքալաքում հնարավոր չի եղել թմրանյութի թեստ հանձնել, բայց մենեջերների խոսելուց հետո Exid լաբորատորիայի աշխատակիցը պայմանավորվել է Ախալցիխեի լաբորատորիայի հետ, որպեսզի Ախալքալաքում ևս կարողանան թեստ հանձնել։
Ընդգծենք, որ մենեջերները մանրակրկիտ ու շատ բուռն արձագանքեցին Մանիկ Գաբրիելյանի բոլոր մեղադրանքներին, սակայն Jnews-ը չի հրապարակում այն համարելով զուտ միջանձնյա հարաբերությունների պարզաբանում։
Հավելենք, որ Դիլիսկայի մանկապարտեզը երեկվանից սկսել է գործել։ Նոր աշխատակազմ է ընդունվել։