Եվրոպական հանձնաժողովը ողջունում է Թբիլիսիի ջանքերը եւ առաջարկում թեկնածու երկրի կարգավիճակ
Նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Խորհրդին առաջարկել է թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ նախանշելով այդպիսի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի կողմից ձեռնարկվելիք ինը հիմնական քայլերը:
Հանձնաժողովը ողջունել է Վրաստանի կողմից ձեռնարկված բարեփոխումների ջանքերը՝ երկրի սահմանադրությանը համապատասխան, որով ԵՄ-ին ինտեգրումը սահմանվում է որպես առաջնահերթություն։
«Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է երկրի ԵՄ անդամակցության գործընթացին։ Քաղաքական ապաբեւեռացումն ու ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ իշխող կուսակցության ավելի դրական փոխազդեցությունն անհրաժեշտ պայման են ազգային շահերի հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելու համար»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման քաղաքականության վերաբերյալ 2023 թվականի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 8-ին։
Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ իր 2022 թվականի հունիսի եզրակացության մեջ նշված տասներկու առաջնահերթությունների առնչությամբ Վրաստանն ընդունել է օրենսդրական ակտեր եւ իրականացրել քաղաքական գործողություններ գենդերային հավասարության եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, դատական քննարկումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հաշվի առնելու եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։ Նշանակվել է նաեւ նոր հանրային պաշտպան։
Վրաստանի առնչությամբ իր հիմնական եզրակացություններում ԵՀ-ն ընդգծել է, որ «բարեփոխումների գործընթացը խոչընդոտվել է շարունակական քաղաքական լարվածության, խորը բեւեռացման, քաղաքական կուսակցությունների միջեւ կառուցողական փոխգործակցության բացակայության եւ ազգային շահերի հիմնական հարցերի շուրջ կոնսենսուսի ստեղծման մարտահրավերների պատճառով»:
Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովը բարձր է գնահատել Վրաստանի քաղաքացիական հասարակությունը՝ նշելով, որ այն «լավ զարգացած է, բազմազան է, կենսունակ ու շարունակում է օգտվել գործելու ազատությունից»:
Հանձնաժողովն առաջարկել է Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ՝ գիտակցելով, որ պետք է գործողություններ ձեռնարկվեն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ապատեղեկատվության եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հետ մոտարկումը բարելավելը, քաղաքական բեւեռացման հիմնախնդիրը լուծելը, ազատ, արդար եւ մրցակցային ընտրական գործընթաց ապահովելը, ապաօլիգարխացման համակարգային մոտեցում ապահովելը եւ դատական համակարգի ամբողջական եւ արդյունավետ բարեփոխումները:
ԵՄԴԱ–ն մեծացնում է վարչական սահմանագծերի երկայնքով իր մոնիթորինգային ներկայությունը
Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մեծացրել է վարչական սահմանագծերի երկայնքով իր մոնիթորինգային ներկայությունը նոյեմբերի 6-ին ռուս սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու գնդակահարության միջադեպից հետո:
Ներկայության ընդլայնման մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Տիբոր Կոզման՝ Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած ԵՄ անդամ երկրների դիվանագետների պատվիրակության համար ճեպազրույցի համար։
Նա նաեւ նշել է, որ ԵՄԴԱ-ն շարունակում է դյուրացնել իր կողմից կառավարվող թեժ գծի միջոցով տեղեկատվության փոխանակումը՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով լարվածության թուլացումն ու էսկալացիայի կանխումը։
Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր Կիրբալի գյուղի մոտ տեղի ունեցած մահացու միջադեպը եւ խստորեն դատապարտել Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ ծառայության կողմից Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
ԵՄ–ը եւ GITA-ն ներկայացրել են Վրաստանի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագիծ
Նոյեմբերի 6-ին Վրաստանում մեկնարկել է «Do IT with the EU» նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ իրականացվում Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալության (GITA) կողմից:
Ծրագրի նպատակն է վերափոխել Վրաստանի ՏՏ ոլորտը՝ համաշխարհային չափանիշների ինտեգրման, հմտությունների զարգացման խթանման եւ Վրաստանի քաղաքացիների համար զբաղվածության հնարավորությունների ստեղծման միջոցով։
ԵՄ աջակցության շնորհիվ Վրաստանի ավելի քան 1,300 քաղաքացիներ կմասնագիտանան աշխարհի ամենապահանջված եւ բարձր վարձատրվող ոլորտներից մեկում, ներառյալ կիբերանվտանգությունը, տվյալների գիտությունը, ամպային ծառայությունները, նախագծերի կառավարումը եւ այլն: ՏՏ ոլորտի ավելի քան 1,000 մասնագետներ կկարողանան միջազգային վկայական ստանալ, ՏՏ ոլորտի 300 մասնագետներ էլ կստանան աշխատանքի եզակի հեռանկարներ, որոնք նրանց մրցունակ կդարձնեն համաշխարհային տեխնոլոգիական շուկայում։
«Do IT with the EU» նախագիծն էական նշանակություն ունի Վրաստանի տեխնոլոգիական զարգացման համար։ Դրա հիմնական նպատակն է խթանել նորարարությունները եւ ավելացնել աշխատատեղերը երկրում»,- Թբիլիսիում կայացած միջոցառման ժամանակ ասել է Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին:
ԵՄ–ն հաստատել է ռուս սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը Կիրբալի գյուղի մոտ
Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) նոյեմբերի 7-ին հաստատել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից Կիրբալի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացու գնդակահարության եւ սպանության, ինչպես նաեւ Վրաստանի մեկ այլ քաղաքացու կալանավորման մասին տեղեկությունները։
ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի ընտանիքին ու մերձավորներին եւ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված քաղաքացուն»,- ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը նաեւ հիշեցնում է, որ Վրաստանի օկուպացված անջատողական շրջաններում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը շարունակվում է՝ խախտելով միջազգային իրավունքը եւ Եվրոպական միության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները։
«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցանկացած էսկալացիա։ ԵՄԴԱ–ն շարունակում է ուշադիր հետեւել իրավիճակին եւ աշխատում է լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Եվրոպական միությունը նաեւ վերահաստատել է Վրաստանում կայունացմանը եւ հակամարտությունների կարգավորմանն իր հանձնառությունը, ինչպես նաեւ Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանն իր հաստատակամ աջակցությունը:
Հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացած հատուկ միջոցառման ժամանակ գործարկվել է Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանների իրավապահ կառույցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը:
Այն նպատակ ունի վերապատրաստված մասնագետների միջոցով բարելավել ատելություն սերմանող խոսքի եւ խտրականության նկատմամբ իրավապահների արձագանքը՝ կիրառելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում։
Իրավապահ մարմիններում եւ ՔՀԿ-ներում ռասիզմի դեմ պայքարին նվիրված եռօրյա սեմինարի ընթացքում (հոկտեմբերի 24-26) ավելի քան 60 մասնակիցներ կիսվել են եվրոպական չափանիշների եւ գործիքների վրա հիմնված հավասարության եւ բազմազանության հետ կապված լավագույն փորձով եւ մարտահրավերներով:
Սեմինարի մասնակիցներին ներկայացվել է վերջերս հրատարակված «Հավասարության եւ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ ոստիկանական կրթություն տեղական մակարդակում» ուսումնական գործնական ձեռնարկը։ Այն ուղեցույց է առ այն, թե ինչպես իրավապահ մարմինների աշխատանքում արդյունավետ կերպով ինտեգրել բազմազանությունը, կանխել, բացահայտել եւ հետաքննել ատելություն սերմանող հանցագործությունները՝ ապահովելով զոհերի անվտանգությունը, եւ զարգացնել տեղական համայնքների նկատմամբ վստահությունը՝ ՔՀԿ-ների հետ փոխգործակցության միջոցով:
Միջոցառումն կազմակերպվել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի եւ դրա մաս կազմող «Հավասարության եւ ապախտրականության խթանում. դեպի ավելի դիմակայուն եւ ներառական հասարակություններ» նախագծի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի եւ իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից։
Վրաստան. ԵՄ դեսպանն այցելել է Շիդա Քարթլիում ԵՄ աջակցությունից օգտվող ֆերմերներին
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին այցելել է Շիդա Քարթլիի մարզի Նադարբազեւի եւ Կիցնիսի գյուղեր՝ հանդիպելով տարածաշրջանին Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջոցով ցուցաբերվող ԵՄ աջակցությունից օգտվող ֆերմերների հետ։
Հացահատիկային մշակաբույսերի եւ կաթնամթերքի արադրությամբ զբաղվող ֆերմերներն ու մեղվաբույծները հնարավորություն են ունեցել դեսպան Հերչինսկիի հետ կիսվելու իրենց փորձով եւ բացատրելու, թե ինչպես է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Եվրոպական միության եւ Շվեդիայի աջակցությամբ իրականացվող «ENPARD» գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում նրանց օգնել բարելավել պարենային անվտանգությունը, սննդի անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը։
Ծրագրի ընթացիկ փուլն օգնել է ավելի քան 200 հացահատիկային ֆերմերների՝ մշակելու 1,500 հեկտար հողատարածք Վրաստանում: Հողի անվար մշակության սարքավորումների հասանելիության բարելավումը նպաստել է արտադրական ծախսերի նվազմանը: Կարեւորն այն է, որ նրանց դաշտերն ավելի դիմակայուն են դարձել շրջակա միջավայրի ռիսկային գործոնների եւ կլիմայի փոփոխության նկատմամբ: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նաեւ սննդի անվտանգության ստանդարտների վերաբերյալ վերապատրաստում է անցկացրել ավելի քան 2,000 ֆերմերների համար։
«Ես ուրախ եմ, որ Եվրոպական միությունը Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ միասին կատարելագործում է վրացական գյուղատնտեսական տեխնոլոգիաներն ու մեթոդները, որպեսզի պաշտպանի շրջակա միջավայրը եւ օգնի վրացի ֆերմերներին ավելի մեծ շահույթ ստանալ։ «ENPARD» ծրագիրը կարեւոր ներդրում է ունեցել երկրի գյուղատնտեսության զարգացման գործում: Մենք ուրախ ենք աշխատել ֆերմերների, սննդի արտադրության ձեռնարկությունների եւ պետական հաստատությունների հետ՝ համատեղ ջանքերով Վրաստանում ավելի կայուն եւ ծախսարդյունավետ գյուղատնտեսության կայացման համար», – նշել է դեսպան Հերչինսկին:
«ENPARD» ծրագիրն իրականացվում է 2013 թվականից հանուն գյուղական աղքատության կրճատման: Ծրագրի մեկնարկը տրվել է՝ ազգային գյուղատնտեսական ներուժի զարգացմանն աջակցելով: Այնուհետեւ այն կենտրոնացել է նաեւ Վրաստանի գյուղական բնակչության համար տնտեսական հնարավորությունների ստեղծման վրա։ 2021 թվականից ծրագիրն աշխատում է նաեւ երկրում սննդամթերքի անվտանգության բարելավման ուղղությամբ՝ Շվեդիայի կողմից լրացուցիչ աջակցությամբ, ինչպես նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու Չեխիայի զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։
TruthTechThon. միացի՛ր մեդիա գրագիտության վերաբերյալ երիտասարդական հաքաթոնին
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է թվային տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարդներին միանալ Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) կողմից կազմակերպված TruthTechThon հաքաթոնին:
Միջոցառման նպատակն է երիտասարդներին ընձեռել նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ թվային ռեսուրսներ ստեղծելու հնարավորություն՝ բարձրացնելու մեդիա գրագիտությունը, պայքարելու ապատեղեկատվության դեմ եւ ամրապնդելու տեղեկատվության վստահելիությունը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 18-ը։ Մասնակցության համար կարող եք գրանցվել առցանց։
Կարող եք միանալ նաեւ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին կայանալիք ծանոթացման առցանց զրույցին։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։