
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Փաշինյանի խոսքով, դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:
Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր: aliq.ge