«Այսօր մենք տեսանք հերթական վրդովմունքը խորհրդարանում, ևս մեկ անգամ դատապարտում եմ կանանց նկատմամբ բռնության ցանկացած ձև, այս ամոթալի ու անարժանապատիվ պահվածքը անհամատեղելի է վրացական մշակույթի հետ»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններին։
«Վրաստանի խորհրդարանը հերթական անգամ ականատես է լինում աննախադեպ ամոթի։ Հենց այն պատճառով, որ կին պատգամավորների հասցեին անընդունելի ու աղաղակող հայհոյանքների առաջին ալիքը խորհրդարանի և ուղղակիորեն խորհրդարանի նախագահի արձագանքի չհանգեցրեց, այսօր տեսանք այն, ինչ տեսանք՝ հերթական խայտառակությունը։ Եվս մեկ անգամ ես դատապարտում եմ և միշտ կդատապարտեմ կանանց նկատմամբ բռնության ցանկացած ձև»,- ավելացրել է Զուրաբիշվիլին։
Խորհրդարանի լիագումար նիստում «Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին իր ընդդիմադիր գործընկեր Թինա Բոկուչավային անվանել է «Սրիկա»: Մգալոբլիշվիլիի վիրավորական արտահայտությունն արժանացել է Ազգային շարժման պատգամավոր Աննա Ցիտլիձեի արձագանքին, որը թղթեր է նետել իշխող կուսակցության պատգամավորի վրա։ Դրանից հետո Մգալոբլիշվիլին հանել է խոսափողը եւ փորձել նետել այն Աննա Ցիտլիձեի վրա, սակայն կարգադրիչը միջամտել է։ Մեծամասնության անդամները Լևան Մգալոբլիշվիլիին դուրս են բերել նիստերի դահլիճից։