Ախալցիխեում ծնողները բողոքում են, որ դպրոցը 9 ամիս է փակ է

Ախալցիխեում ծնողները բողոքում են, որ դպրոցը 9 ամիս է փակ է

Նոյեմբերի 18-ին, Ախալցիխեի թիվ 2 հանրակրթական դպրոցի աշակերտների ծնողները ցույց են անցկացրել։ Ենթադրում են, որ դպրոցը 9 ամիս առաջ դատարկել են ոչ թե վերականգնման, այլ ուրիշին տալու նպատակով։ Ախալցիխեի ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեի խոսքով՝ շենքի վերականգնումը կսկսվի հաջորդ տարի,իսկ տարածված տեղեկությունը, թե վաճառվում է, իրականությանը չի համապատասխանում։ Չնայած դրան՝ ծնողները պահանջում են աշակերտներին անհապաղ վերադարձնել թիվ 2 դպրոց։

«Ինը ամիս է, ինչ դպրոցը փակ է, պատճառը չգիտենք։ Ասում են՝ վթարային է։ Այս դպրոցը դիմացավ 1989-ի երկրաշարժին, այստեղ սովորել ենք բոլորս՝ հայրս ու պապս։ Հիմա տղաս երկրորդ հերթափոխով ստիպված գնում է թիվ 1 դպրոց, ժամը 7-ին գալիս է տուն, դասերը ե՞րբ պետք է անի, ժամը քանիսի՞ն պետք է քնի! Ընկալման ունակությունը նվազում է: Դպրոցի տնօրինությունը չի ներկայացել և մեզ ոչինչ չի ասել։ Անցավ ինը ամիս, իսկ հինգերորդ դպրոցը 10 օրում սկսեցին վերանորոգել։ Կարելի՞ է այս դպրոցը փակվել, ինչ-որ մեկը մեզ պատասխան կտա՞։ Խոսակցություններ կան, որ վաճառվել է, բայց մենք այն ոչ մեկին չենք տա»,- ասում է ծնող՝ Ալեքսի Մարտինովը։

Ծնողներից մեկի խոսքով՝ աշակերտներին դպրոցից տարհանել են, մինչև շենքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելը։

«Այս գործի մեջ չկա Սամխարաուլիի փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա երեխաներին անմիջապես պիտի տարհանեն։ Գրեցի դպրոցի տնօրենին։ Ես իրավաբան եմ և օրինական մոտեցա, տեղեկություն խնդրեցի, ստացած նամակից պարզվեց, որ կարիք չկար ամբողջությամբ տարհանել 400 աշակերտանոց դպրոցը։ Նախարարությունից ստացված պատասխանում գրված է, որ յուրաքանչյուր աստիճանի վրա դպրոցն ունի լայնակի ճաքեր (նշված չէ, թե քանի աստիճանի մասին է խոսքը) և հնարավոր է սվաղի անկում լինի դպրոցի պատերի հատվածների միջև։ Երկրորդ դպրոցն ունի բարենպաստ տարածք, հաճելի միջավայր, բնիկ ու ավանդական շենք։ Խոսվում էր, որ հենապատը վնասվել է, ինչը նախարարության ստացած պատասխանում նշված չէ»,- ասում է երկու աշակերտների ծնող Խաթունա Գորգոձեն։
 

Նույն դպրոցի աշակերտների ծնող Լաշա Լաշաուրին չի հավատում դպրոցի վթարային վիճակի մասին տեղեկությանը.

«Ուզում ենք, որ երեխաները վերադառնան դպրոց, վիճակն անտանելի է, կրթության մակարդակը նվազում է։ Երեխաները գիշերն են վերադառնում դպրոցից,հիմա արդեն ձմեռ է գալիս, մրսածություն է սկսվում։ Նրանք այլեւս չեն կարող սպորտով զբաղվել, երաժշտությամբ զբաղվել։ Մենք պահանջում ենք հետ վերադառնալ, այլ ընտրանք չունենք և դրան հասնելու ենք»,- ասում է նա։

Ծնողների խոսքով, տեղեկություն է տարածվել, որ դպրոցի տարածքը վաճառվել է, և այնտեղ պետք է երեք բնակելի շենք կառուցվի։ Նրանք չեն ցանկանում հրապարակայնորեն խոսել այս թեմայով.

«Ասում են՝ շենքը կուսումնասիրեն, հետո կքանդեն, այս տարածքը վաճառվել է, երեք բնակելի շենք պետք է կառուցվի, մոտ 100 հազար դոլարի մասին է խոսքը, անունները չեմ կարող ասել, բայց տարբեր գերատեսչությունների աշխատակիցներն են այս մասին խոսում։ Այս տեղեկությունը վերջերս տարածվեց, դրա համար էլ մենք դուրս եկանք բողոքի»,- ասացին նրանք։

«Ամբողջ քաղաքն է այդ մասին խոսում, կա՛մ հյուրանոց է կառուցվելու, կա՛մ բնակելի շենքեր, դպրոցի տնօրենի հետ այս հարցը չենք քննարկել, բայց եթե արդյունքի կտա, անպայման կանենք»,- ասում է ծնողներից մեկը։

Ծնողները խնդրել են հանդիպել դպրոցի տնօրեն Բելա Դիասամիձեի հետ, սակայն նա չի եկել իրենց մոտ։

Շենքի մոտ հավաքվածներին հանդիպել է Ախալցիխեի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն։ Ըստ նրա՝ տարածված տեղեկությունը, թե իբր շենքը վաճառվում է հարակից տարածքի հետ, սուտ է։

«Նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, հունվարից մրցույթ կանցկացվի այս դպրոցի վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Ուզում եմ ձեզ ասել, որ 2N հանրակրթական դպրոցում ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ սովորի անվտանգ միջավայրում։ Տարածված տեղեկատվության հետ կապված՝ ցավում եմ, որ այս հարցով դպրոցի տնօրենի հետ չեք հանդիպել։ Ես այստեղ եմ բացատրելու: Սա բամբասանք է և սուտ, դպրոցը կվերականգնվի»,- ասում է Խաթունա Խմալաձեն։

Ըստ նրա՝ թիվ 2 հանրակրթական դպրոցի շենքը տեղային վնասներ ունի, ինչը վտանգավոր էր աշակերտների համար։

Տեղեկության համար՝ այս տարվա սկզբին հաղորդվել էր, որ վնասվել է թիվ 2 հանրակրթական դպրոցի շենքի հենապատը։ Ավելի ուշ՝ մարտի 15-ին, դպրոցը տարհանվել է, իսկ աշակերտները տեղափոխվել են թիվ 1 հանրակրթական դպրոց։ Նրանք այժմ սովորում են երկրորդ հերթափոխում, ինչն էլ ծնողների դժգոհության պատճառ է հանդիսացել։
 

Շենքի վիճակի վերաբերյալ սեպտեմբերի 11-ին «Հարավային դարպասը» Ախալցիխեի ռեսուրսային կենտրոնից և կրթության նախարարությունից հանրային տեղեկատվություն էր խնդրել, սակայն նրանցից ոչ մեկը մեզ պատասխան չտվեց։ Նշված հարցի վերաբերյալ մեր հարցերին չի պատասխանում նաեւ դպրոցի տնօրեն Բելա Դիասամիձեն։


Sknews.ge