Վրաստանում մեկնարկել է կանանց նկատմամբ բռնության դեմ արշավ

Վրաստանում մեկնարկել է կանանց նկատմամբ բռնության դեմ արշավ

Վրաստանի կառավարությունը միացել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային արշավին, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։

«Կանանց նկատմամբ բռնության դեմ արշավը» գործում է ամբողջ աշխարհում 1991 թվականից: Դրան մասնակցում է 187 երկիր և ավելի քան 5 հազար կազմակերպություն։ Արշավը նպատակ ունի խթանել բռնության կանխարգելումը` բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը կանանց նկատմամբ բռնության խնդիրների վերաբերյալ:

Ինչպես նշում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը Վրաստանի կառավարության առաջնահերթ խնդիրներից է։

«Վերջին տարիներին Վրաստանն այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցել, ինչը պայմանավորված է բազմաոլորտային, համակարգված մոտեցմամբ և նպատակային քաղաքականության իրականացման շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ կառավարությունը նշում է, որ Վրաստանում գենդերային բռնության ինստիտուցիոնալ արձագանքը դրական է գնահատվում միջազգային կառույցների կողմից։

Վերջին տարիներին Վրաստանը միացել է ՄԱԿ-ի գենդերային բռնության դեմ պայքարի բանաձեւերին:

2014 թվականից ընտանեկան բռնությունը ներառվել է Վրաստանի քրեական օրենսգրքում առանձին հոդվածով։ Սա ծանրացուցիչ հանգամանք է կոնկրետ դեպքի քննարկման ժամանակ։ Վրաստանի իշխանությունները որոշել են խստացնել օրենսդրությունը ընտանեկան կոնֆլիկտների պատճառով կանանց սպանությունների ալիքից հետո։

Վրաստանի իշխանությունները երկրում ընտանեկան բռնության դեմ ակտիվ արշավ են իրականացնում։
Բացի այդ, կենցաղային բռնակալների զոհերի հարցերով ներգրավված են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնցից մի քանիսը տուժածներին տրամադրում են ժամանակավոր կացարան, իրավական և հոգեբանական օգնություն։