ԵՄ աջակցությամբ Վրաստանում մեկնարկում է փոքր եւ միջին բիզնեսի երաշխիքային ծրագիր

ԵՄ աջակցությամբ Վրաստանում մեկնարկում է փոքր եւ միջին բիզնեսի  երաշխիքային ծրագիր

Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը եւ Վրաստանը մեկնարկում են նոր ծրագիր՝ բարելավելու հանրային ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների եւ խոցելի մարդկանց համար

Նոյեմբերի 16-ին ՄԱԶԾ Վրաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Դուգլաս Ուեբը եւ Արդարադատության տան նախագահ Լաշա Լոբջանիձեն ստորագրել են նոր ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիր։

Այն նպատակ ունի բարելավել հանրային ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ ազգային փոքրամասնությունների համար:

Ծրագիրը կիրականացվի Վրաստանի չորս մարզերում՝ Կախեթում, Իմերեթում, Ռաճա-Լեչխում եւ Քվեմո Սվանեթում ու Գուրիայում՝ օգուտ բերելով ավելի քան 100 հազար մարդու։

Վրաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD) շրջանակում:

ԵՄ աջակցությամբ Վրաստանում մեկնարկում է փոքր եւ միջին բիզնեսի համար NASIRA երաշխիքային ծրագիրը

Նոյեմբերի 9-ին վրացական Terabank ֆինանսական հաստատությունը եւ Ձեռներեցության զարգացման հոլանդական FMO բանկը հայտարարել են Վրաստանում NASIRA ռիսկերի բաշխման առաջին ծրագրի մասին։

Ծրագրի նպատակն է մեծացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը երկրում գործող միկրոձեռնարկությունների եւ ՓՄՁ-ների համար եւ ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի ու Նիդեռլանդների կառավարության կողմից:

«NASIRA»-ն ընդունում է վարկային պորտֆելի երաշխիքի ձեւ եւ աջակցում ֆինանսական հաստատություններին ՄՓՄՁ-ների համար իրենց վարկային գործունեությունն ընդլայնելու գործում՝ կենտրոնանալով բիզնեսի անբավարար սպասարկվող հատվածների վրա, ինչպիսիք են փոքր գյուղացիական տնտեսությունները եւ կանանց ու երիտասարդներին պատկանող բիզնեսները: Հաճախորդների այս խմբերը հաճախ են բախվում ֆինանսների հասանելիության հետ կապված դժվարությունների՝ պայմանավորված ավելի բարձր վարկային ռիսկի առկայությամբ ու գրավի եւ(կամ) վարկային պատմության բացակայությամբ:

«Եվրոպական միությունը, համաձայն իր Տնտեսական եւ ներդրումային պլանի, ակնկալում է ներգրավել մինչեւ 17 միլիարդ եվրոյի պետական եւ մասնավոր ներդրումներ: ԵՄ-ն ուրախ է տեսնել, որ այդ երաշխիքները կյանքի են կոչվում տեղում՝ օգնելով մեր գլխավոր նախաձեռնություններից մեկին՝ աջակցելու 80,000 ՓՄՁ-ների Վրաստանում։ Այդ թվում թերներկայացված տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսների հասանելիությունը խթանում է ավելի շատ մարդկանց տնտեսական ակտիվությունը եւ հնարավորություն է տալիս ավելի ներառական տնտեսական աճ ապահովել Վրաստանի համար»,- նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:

Վրաստանի օմբուդսմենը Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շնորհել է «Հանդուրժողականության պահապան 2023» մրցանակը

Նոյեմբերի 16-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լեւան Իոսելիանին Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը (ԵՄԴԱ) շնորհել է «Հանդուրժողականության պահապան 2023» մրցանակը։

Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված մրցանակաբաշխությանը ներկա էր ԵՄԴԱ-ի ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսը։ Այս ամենամյա միջոցառումը 2008 թվականից անկցակցնում են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակը եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանդուրժողականության կենտրոնը։

Ըստ Լեւան Իոսելիանիի՝ ԵՄԴԱ-ի պարտավորությունների շրջանակը ներառում է ոչ միայն անվտանգության միջադեպերի հնարավոր սրումը կանխելը, այլեւ հաղորդակցմանը, համագործակցությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը։

Արարողության ժամանակ Պաշտպանը նաեւ ընդգծել է անվտանգության անմիջական խնդիրներից դուրս տեղական համայնքների հետ ԵՄԴԱ-ի փոխազդեցության կարեւորությունը՝ օգնելով բարելավելու հակամարտություններից տուժած շրջաններում ապրողների ապրուստը:

Եվրահանձնակատար Սիմսոնը Թբիլիսիում մասնակցել է էներգետիկայի հարցերով ԵՄ-Վրաստան բարձր մակարդակի երկխոսությանը

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում էր գտնվում Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը՝ մասնակցելու ԵՄ-Վրաստան բարձր մակարդակի էներգետիկ երկխոսությանը:

Միջոցառումն անցկացվել է հանձնակատարի այցին նախորդող շաբաթ Եվրոպական հանձնաժողովի՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկության համատեքստում։ Միջոցառումը հնարավորություն է տվել գնահատել այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է իր էներգետիկ շուկայի բարեփոխումների եւ ԵՄ կանոնակարգերի կիրարկման համար ձեռնարկվող քայլերի ուղղությամբ:

Քննարկումները կենտրոնացել են ԵՄ հիմնական էներգետիկ օրենսդրության հետ մոտարկման, էներգետիկ ենթակառուցվածքների եւ միակցվածության զարգացման, ինչպես նաեւ էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի խթանման վրա: Եղել են քննարկումներ նաեւ Վրաստանի էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ երկրի էներգետիկ անցման համար ֆինանսավորման գործիքների եւ ներդրումների ներգրավման վերաբերյալ։

Այնուհետեւ հանձնակատարը այցելել է Քարթլի հողմային էլեկտրակայան, որն իր տեսակի մեջ առաջին նախագիծն է կովկասյան տարածաշրջանում: Այս ծրագրին ֆինանսապես աջակցում է Եվրոպական միությունը՝ Կանաչ աճի հիմնադրամի միջոցով:

Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության եւ թույլտվության համակարգը կսկսի գործել 2025 թվականի կեսերին

Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության եւ թույլտվության համակարգը (ETIAS) կսկսի գործել 2025 թվականի կեսերին՝ 2024 թվականի փոխարեն, ինչպես հայտարարվել էր նախկինում։

2025 թվականի կեսից Եվրոպական միության տարածք առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունից օգտվող մոտ 1,4 միլիարդ մարդ ավելի քան 60 երկրներից, ներառյալ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, պետք է ստանան ETIAS ճանապարհորդության թույլտվություն: Սա Շենգենյան գոտու 27 երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Ռումինիա կամ Կիպրոս մուտք գործելու համար Եվրոպական միության կողմից ներդրված նոր պահանջ է:

ETIAS-ն առցանց ճանապարհորդության թույլտվություն է, այլ ոչ թե վիզա:

Վավեր ETIAS ճանապարհորդական թույլտվությամբ դուք կկարողանաք մնալ եվրոպական 30 երկրներում 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում:

ETIAS-ի համար դիմելիս անհրաժեշտ է ունենալ առնվազն երեք ամիս վավերականության ժամկետ ունեցող անձնագիր, տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, լրացնել առցանց ձեւաթուղթը եւ վճարել 7 եվրո վճար։

Գոյություն ունի ETIAS-ի միայն մեկ պաշտոնական կայք՝ europa.eu/etias: Այս կայքում դիմումի ձեւը հասանելի կլինի, երբ համակարգը գործարկվի:

Եվրամիությունը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ. «Երեխաները կոնֆլիկտներ չեն սկսում. նրանք արժանի են խաղաղության, ունեն դրա կարիքը»

Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է նոյեմբերի 20-ին, ԵՄ-ն հայտարարել է, որ հատկապես մտահոգված է զինված հակամարտության, բռնի տեղահանման եւ երկարատեւ հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում ապրող երեխաների բարեկեցությամբ:

«Ցավոք, մեր հեռուստաէկրանները եւ սոցիալական ցանցերի լրահոսերը լի են երեխաներին պատճառվող սարսափների ամենօրյա տեսարաններով՝ Գազայից մինչեւ Ուկրաինա, Իսրայելում ահաբեկչական հարձակումներ, Սահելի շրջանից մինչեւ Եմեն եւ Մյանմար։ Երեխաները կոնֆլիկտներ չեն սկսում. նրանք արժանի են խաղաղության, ունեն դրա կարիքը»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ զինված հակամարտություններից տառապող երեխաները տուժել են իրենց իրավունքների կոպիտ խախտումներից, ներառյալ առեւանգումը, սպանությունը եւ խեղումը, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները, ինչպես նաեւ մարդասիրական օգնության հասանելիության մերժումը:

«Երեխաներն իրենց էությամբ ավելի խոցելի են նման արտակարգ իրավիճակների անմիջական եւ երկարաժամկետ հետեւանքների նկատմամբ, որոնք մեծացնում են թրաֆիքինգի հանդեպ նրանց խոցելիությունը, սպառնում նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, զրկում նրանց հիմնական սոցիալական ծառայություններից, առողջապահությունից, կրթությունից եւ ծնողական խնամքից, ինչպես նաեւ խաթարում նրանց կյանքի, զարգացման իրավունքը եւ իրենց ողջ ներուժն օգտագործելու հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն ընդգծել է, որ աջակցել է երեխաների պաշտպանությանն իր արտաքին գործողություններում գործընկեր երկրների հետ քաղաքական երկխոսության եւ երեխաների իրավունքները խթանող ծրագրերի լայն շրջանակի ֆինանսավորման միջոցով:

Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տասնհինգերորդ տարեկան համագումարը

Նոյեմբերի 14-16-ը Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 15-րդ տարեկան համագումարը։ Այն համախմբել է ԱլԳ եւ ԵՄ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի քան 250 ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱլԳ եւ ԵՄ առաջնորդների՝ քննարկելու Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ապագան, քաղաքացիական հասարակության դերը եւ ապագայում դրա կենսունակությունն ապահովելու ուղիները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները գնահատել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկզբից ի վեր Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ եւ տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները։ Մասնավորապես, նրանք կենտրոնացել են Արեւելյան գործընկերության քաղաքականության եւ ընդլայնման ծրագրի միջեւ սիներգիայի ուսումնասիրման, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների եւ Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության ամրապնդման վրա:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների կառավարությունների եւ հասարակության միջեւ համագործակցությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունավետ կառավարման եւ օրենքի գերակայության կենսական ոլորտին։

Համագումարը քննարկել է նաեւ քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ստեղծման եւ կիբեռհարձակումների եւ հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության հարցը։

Օզիի էներգետիկ արշավ 2023. երիտասարդ եվրոպական դեսպաններն այցելել են Բոլնիսիի դպրոց եւ խոսել վերականգնվող էներգիայի մասին

Վրաստանի երիտասարդ եվրոպական դեսպանները նոյեմբերի 15-ին այցելել են Բոլնիսի քաղաքի դպրոց՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ դասընթաց անցկացնելու համար:

13-14 տարեկան 30 դպրոցականներ հնարավորություն են ունեցել քննարկելու եւ տեղեկանալու վերականգնվող էներգիայի մասին՝ ձեռագործ հողմային տուրբինների օրինակով:

Սեմինարի ընթացքում դպրոցի աշակերտներից մեկը նշել է. «Ես հասկացա, որ վերականգնվող էներգիայի օգտագործումը բավականին հեշտ է, եւ յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ մոլորակի փրկության գործում»:

Սեմինարներն անցկացվում են Արեւելյան գործընկերության երկրների դպրոցներում: Ձեռագործ հողմատուրբինի պատրաստման ձեռնարկը հասանելի է նաեւ առցանց նրանց համար, ովքեր ցանկանում են պատրաստել այն տնային պայմաններում:

Նոյեմբերի 17-ին նախատեսվում էր եւս մեկ այցելություն՝ Վրաստանի Գորի քաղաքի դպրոցներից մեկը:

Տվյալ գործողությունն իրականացվում է Օզիի 2023 թվականի էներգետիկ արշավի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել վերականգնվող էներգիայի կարեւորության մասին իրազեկությունը Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդության շրջանում:

Արշավի գլխավոր հերոսն էներգաարդյունավետության եվրոպական դեսպան Օզի գերմանամուկն է, որը ներկայացված է մաքուր էներգիայի խնայողության եւ օգտագործման շուրջ կառուցված առցանց կոմիքսների պատմությունների շարքում։

«EU4BCC» ծրագիրը կազմակերպում է գործնական կապերի զարգացման միջոցառում Արեւելյան գործընկերության երկրներում գործող ՓՄՁ-ների եւ ԳԱԿ-երի համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար․ Միավորելով ընկերությունները» (EU4BCC) ծրագիրը, որը վերջերս երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր, հրավիրում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում գործող գործարարության աջակցման կազմակերպություններին (ԳԱԿ) եւ փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) միանալ իր B2B եւ BSO2BSO առցանց միջոցառմանը։

Այդ վիրտուալ հավաքը բաղկացած կլինի ԳԱԿ-երի եւ ՓՄՁ-ների համար նախատեսված առանձին նիստերից՝ առաջարկելով հարթակ միջտարածաշրջանային համագործակցության, գիտելիքների փոխանակման եւ կայուն աճի խթանման համար:

Միջոցառումը ՓՄՁ-ներին եւ ԳԱԿ-երին թույլ կտա հաստատել գործնական կապեր եւ գտնել համապատասխան բիզնես գործընկերներ: Գրանցվելուց հետո մասնակիցները կկարողանան մուտք գործել մասնակիցների կենտրոն՝ հասանելի պրոֆիլները տեսնելու, հավանական գործընկերների հետ կապվելու եւ «դեմ առ դեմ» հանդիպումներ կազմակերպելու համար:

«EU4BCC» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում, որը ներառում է Արեւելյան գործընկերության շրջանակներում փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցման ԵՄ բոլոր գործողությունները:

«EU4BCC» ծրագիրն աջակցում է ԱլԳ երկրներում կայուն տնտեսական զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը՝ օգնելով ՓՄՁ-ներին խթանել առեւտուրը, խրախուսելով ներքին ներդրումները եւ խթանելով գործարար կապերը ԵՄ ընկերությունների հետ:

Այս միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 5-ին։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել։

Դեկտեմբեր ամսին կայանալիք «Կանայք եւ աղջիկները STEM-ում» երրորդ ֆորումն ընդունում է մասնակցության հայտեր

ԵՄ աջակցությամբ իրականացվող «Girls Go Circular» նախագիծը Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպում է իր երրորդ «Կանայք եւ աղջիկները STEM-ում» ֆորումը։

Այն կանցկացվի դեկտեմբերի 5-ին կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 9:30-ից 13:00-ն՝ Բրյուսելում, ինչպես նաեւ առցանց։ Վերջին երկու տարիների ընթացքում այն ներգրավել է ավելի քան 1,500 մասնակիցների:

Ուսանողները, ուսուցիչները, մենթորները, քաղաքականություն մշակողները, հետազոտողները եւ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկելու STEM եւ ՏՀՏ ոլորտներում գենդերային խզվածքի վերացմանն ուղղված գործողությունները:

Նրանց կմիանան 20 եվրոպական երկրների՝ Robot Design Challenge-ն անցած աղջիկների թիմեր, որոնց նախագծերը կներկայացվեն ռոբոտաշինության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի դատին:

Գրանցումը բաց է ֆորումի կայքում։

«Girls Go Circular» ծրագիրն աջակցում է աղջիկ աշակերտներին եւ երիտասարդ կանանց՝ զարգացնելու իրենց թվային եւ առաջնորդական հմտությունները՝ միաժամանակ սովորելով շրջանաձեւ տնտեսության բանաձեւը եւ գտնելով լուծումներ կայուն ապագայի համար:

Radio NOR · ԵՄ աջակցությամբ Վրաստանում մեկնարկում բիզնեսի երաշխիքային ծրագիր

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։