Թբիլիսիի քաղաքային խորհրդի աջակցությամբ և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիում բացվել է անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշատախտակը։
Հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձեի 93 հասցեում գտնվող շենքի վրա, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը։ Նշված հարցը քննարկվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից և կայացվել է դրական որոշում։
Անվանի կոմպոզիտորի հուշատախտակը բացել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Միջոցառմանը մասնակցել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Կախաբեր Լաբուչիձեն։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն խոսել է վրացի և հայ ժողովրդի դարավոր բարեկամության մասին և ասել, որ անվանի կոմպոզիտորի հուշատախտակի բացումը այս բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է։
«20-րդ դարի հանճարեղ կոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ Արամ Խաչատրյանի հուշատախտակը տեղադրելու համար Քաղաքային խորհրդին դիմել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ 19-րդ դարավերջին թվագրվող այս տանը, որը 2007 թվականից մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել, 1906-1922 թվականներին ապրել է անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Նա ծնվել է Վրաստանում, Թբիլիսիի մասին հիշողություններ է ունեցել իր ողջ կյանքի ընթացքում։ Հայկական ժողովրդական երաժշտության հետ մեկտեղ նրա ստեղծագործությունը կրել է նաև թբիլիսյան քաղաքային ֆոլկլորի ազդեցությունը։ Թբիլիսիում հուշատախտակի բացումը վրացի և հայ ժողովրդի անսասան դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,- ասել է Գիորգի Տղեմալաձեն։
Իր հերթին Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների մասին և ասել, որ այսօրվա միջոցառումը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար։ Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի քաղաքային խորհրդին աջակցության համար և հույս հայտնել հետագա համագործակցության համար։
«Այսօր մենք բացեցինք անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշատախտակը այն շենքի վրա, որտեղ նա անցկացրել է իր պատանեկությունը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն իր տեղն է գրավել համաշխարհային մշակույթի պատմության մեջ, թեև ստեղծագործական առաջին քայլերն արվել են Թբիլիսիում։ Ուստի այսօրվա միջոցառումը մեզ համար շատ կարևոր է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թբիլիսիի քաղաքային խորհրդին՝ այս նախաձեռնությանը աջակցելու համար»,- ասել է Աշոտ Սմբատյանը։ 1tv.ge