Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ն ու Ford-ը կողաշրջվել են, 2 հոգի տեղում մահացել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Տեղում էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, Հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի և Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: shamshyan.com