2023 թվականի հունվարից մինչ օրս Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC) Վրաստանի բնակիչների համար դուրս է գրել անհիմն կուտակված կոմունալ վճարները՝ մոտ 622 հազար լարի (ավելի քան 230 հազար դոլար), հայտնում է GNERC-ի մամուլի ծառայությունը։
Տարեսկզբից Ազգային հանձնաժողով է դիմել 1904 քաղաքացի, որոնց բողոքները կոմունալ ընկերություններին առնչվում են չհիմնավորված կուտակված գումարների, հին պարտքի, բաշխիչ ցանցերին միանալու կարգի և ժամկետների հետ։
«Հանձնաժողովի որոշմամբ քաղաքացիների պահանջները բավարարվել են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովը հիշեցրել է էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառողներին, որ եթե իրենց իրավունքները խախտվում են, ապա պետք է անմիջապես դիմեն հանձնաժողովին կամ GNERC-ի ներքո գործող էներգետիկայի օմբուդսմեն ծառայությանը։
Խորհրդատվություն կարելի է ստանալ նաև «16 216» հեռախոսահամարով, ինչպես նաև սոցիալական ցանցում Ազգային հանձնաժողովի էջում։
GNERC-ի առաքելությունն է պահպանել հավասարակշռությունը կոմունալ ծառայությունների և սպառողների միջև: 2022 թվականին միայն Թբիլիսիի բնակիչներին դուրս են գրել կոմունալ ծառայությունների դիմաց մինչև մեկ միլիոն լարիի (370 հազար դոլար) պարտքերը։