Միրզոյանը զգուշացրել է՝ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել և այժմ թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը

Միրզոյանը զգուշացրել է՝ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել և այժմ թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը

Խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը զուգահեռ, Հայաստանն ու Ադրբեջանը երեկ ԵԱՀԿ նախարարների համաժողովում փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Երևանը Բաքվին, Բաքուն էլ Երևանին մեղադրեց խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու և իրականում այլ նպատակներ հետապնդելու մեջ։

Քննադատության սլաքն ուղղելով նաև միջազգային հանրությանը՝ Հայաստանի արտգործանախարարն իր ելույթում ընդգծեց՝ միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի նպատակը, ստացավ Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի՝ նախ 9 ամիս անմարդկային պաշարման, ապա՝ ռազմական ագրեսիայից հետո բռնի տեղահանելով Արցախի բնիկ ժողովրդին։

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ամբիոնից զգուշացրեց՝ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել և այժմ թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը:

«Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ», – հայտարարեց Միրզոյանը:

Չնայած տեղի ունեցած հումանիտար աղետին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց՝ Երևանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստան ֊ Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, այդ թվում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, որոնք չեն կարող անտեսվել:

«Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղված համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող է ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն», – ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Azatutyun.am