ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացիների համար ՀՀ խորհրդարանը խրախուսող նորմ է առաջարկում։ ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Այժմ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 000 դրամով։
«Ըստ խրախուսվող նորմիԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում պայմանագիր կնքելու և դրա մասին հավաստի ապացույց ոստիկանություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կկարողանա վճարել 25 000 դրամ տուգանք 100 000–ի փոխարեն»,– ասել է պատգամավորը։
Հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեռևս որոշ տեխնիկական հարցեր պետք է քննարկվեն։ Ներկա պահին հստակեցումներ պետք է մտցվեն, որ գուցե ՆԳՆ–ում տվյալների բազա ստեղծվի, որպեսզի, այնուամենայնիվ, վարորդները ստիպված չլինեն գնալ ոստիկանություն և ներկայացնել համապատասխան փաստաթուղթը։
Հավելենք, որ նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Փոխանցում է Radioaurora-ն: