Երկուշաբթի ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ նոր ռեկորդ է սահմանել. սփոթ գները հասել են 2 100 դոլարի։
Վերլուծաբանները նշել են, որ ոսկու գինը հաջորդ տարի կհասնի նոր առավելագույնի եւ կարող է մնալ 2 000 դոլարից բարձր՝ վկայակոչելով աշխարհաքաղաքական անորոշությունը, ԱՄՆ դոլարի հավանական թուլացումը եւ տոկոսադրույքների հնարավոր իջեցումը, տեղեկացրել է CNBC-ն։
Դեղին մետաղի գինը երկու ամիս շարունակ բարձրանում է, քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ավելացրել է ակտիվ-ապաստարանի պահանջարկը, իսկ տոկոսադրույքների նվազման ակնկալիքները լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել։ Ոսկին լավ արդյունքներ ցուցադրելու միտում ունի տնտեսական եւ աշխարհաքաղաքական անորոշության շրջաններում՝ շնորհիվ իր խնայողության հուսալի միջոց լինելու կարգավիճակի։
«ԱՄՆ դոլարի փոխարժեքի եւ տոկոսադրույքների սպասվող անկումը 2024թ. ոսկու համար կարեւոր դրական դրայվեր է»,- CNBC-ին տեղեկացրել է շուկաների, գլոբալ տնտեսության ռազմավարության եւ UOB շուկաների հետազոտության բաժնի ղեկավար Հենգ Կուն Հոուն։ Նրա գնահատականներով՝ 2024թ. վերջին ոսկու գինը կարող է հասնել 2 200 դոլարի։ news.am