Վրաստանի կառավարությունն անցկացրել է գյուղական համայնքների զարգացման համաժողով՝ ԵՄ ֆինանսավորմամբ

Վրաստանի կառավարությունն անցկացրել է գյուղական համայնքների զարգացման համաժողով՝ ԵՄ ֆինանսավորմամբ

ԵՄ-ն, Գերմանիան, Ֆրանսիան եւ Վրաստանը ստորագրել են նոր բազմամյա բարեփոխումների հանձնառություն՝ աջակցելու Վրաստանի կանաչ անցմանը

Նոյեմբերի 24-ին KfW (Գերմանիա) եւ AFD (Ֆրանսիա) պետական բանկերն ու Եվրոպական միությունը Վրաստանի կառավարության հետ ստորագրել են հռչակագիր «Վրաստանի կանաչ անցում» բազմամյա բարեփոխումների ծրագրի մասին։

Քաղաքականության բարեփոխումների ծրագիրը ներառում է կանաչ անցմանը վերաբերող բարեփոխումների տասնմեկ ոլորտներ՝ ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրները, կանաչ ջրածինը, ածխածնի գնագոյացումը, խելացի շարժունակությունը, աղտոտման վերահսկումը եւ կայուն ֆինանսավորումը:

Ծրագիրը մշակվել է որպես քաղաքականության վրա հիմնված վարկավորման մեխանիզմ, որտեղ Վրաստանը ստանում է արտոնյալ բյուջետային ֆինանսավորում իր ստանձնած ԵՄ քաղաքականության հաջող իրականացման դիմաց եւ որն ավելի ու ավելի կհամապատասխանեցնի երկիրը ԵՄ չափանիշներին:

«Վրաստանի կանաչ անցում» ծրագիրը «Վրաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների ծրագրի» իրավահաջորդն է, որը 2018-2023 թվականներին իրականացրել են Ֆրանսիան՝ AFD-ի միջոցով, Գերմանիան՝ KfW-ի միջոցով եւ Եվրոպական միությունը՝ Վրաստանի կառավարության հետ համատեղ։

Առաջին ծրագրի շրջանակներում AFD-ն եւ KfW-ն ներդրել են 641 միլիոն եվրո, իսկ ԵՄ աջակցությամբ տեխնիկական աջակցության դրամաշնորհների տեսքով ներդրվել է 8,5 միլիոն եվրո:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է «Կվարելի» եվրաակումբի 4-ամյակին նվիրված միջոցառմանը

2023 թվականի նոյեմբերի 28-ին «Կվարելի» եվրաակումբը պաշտոնական միջոցառմամբ եւ այլ ինտերակտիվ միջոցառումներով տոնել է իր 4-ամյակը։

Միջոցառումը նախատեսված էր երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) «Ավելի շատ ԵՄ Վրաստանում» նախաձեռնության հանրային իրազեկման գործունեության համատեքստում։ Հոբելյանական միջոցառումներն իրականացվել են «EU NEIGHBOURS east» տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Նորվեգիայի ֆինանսական աջակցությամբ։

Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը, Վրաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Աննա Չերնիշովան, Ավստրիայի, Չեխիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Էստոնիայի դեսպանները, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Լեհաստանի, Դանիայի, Նորվեգիայի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։

«Կվարելի» եվրաակումբը 2019 թվականի նոյեմբերին հիմնադրել է երիտասարդ եվրոպական դեսպան Նիկա Գուրինին՝ Եվրոպական հանձնաժողովի, Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) աջակցությամբ, ինչպես նաեւ «EU NEIGHBOURS east» ծրագրի միջոցով: Այդ օրվանից ի վեր չորս տարվա ընթացքում ավելի քան 2,000 երիտասարդներ օգտվել են Եվրաակումբի կազմակերպած ծրագրերից եւ գործունեությունից:

Եվրաակումբի հիմնական նպատակն է ստեղծել մի տարածք, որտեղ երիտասարդները կարող են շփվել, սովորել եւ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել քաղաքացիական ակտիվիստ:

«Այսպիսի նախաձեռնությունը հենց այն է, ինչն ամենաշատն է պետք մեր երկրին՝ հասնելու մեր նպատակին, այն է՝ Իլիայի (Ճավճավաձե) եվրոպական ուղուն, եւ դրա համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը։ Իշխանությունն ու առաջնորդները գալիս եւ գնում են, բայց հասարակությունը մնում է, իսկ հասարակությունը, եթե ինքն իր վրա վստահ է, եթե իսկապես գիտի, թե ինչպիսի ապագա է ուզում, ինչ է ուզում իր երեխաների, հաջորդ սերնդի համար, անպայման կհասնի իր ուզածին, եւ այդ ճանապարհին ամեն ինչ սկսվում է քաղաքից, գյուղից, համայնքից. այնտեղից մեկնարկած բոլոր նախաձեռնություններն ամենաուժեղն են»,- ասել է նախագահ Զուրաբիշվիլին Կվարելիի եվրաակումբ կատարած այցի ժամանակ:

Ի պատիվ իր 4-րդ տարեդարձի, Կվարելիի եվրաակումբը անց է կացրել տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ «Եվրաակումբ գյուղ»-ը, որի շրջանակներում տեղի երիտասարդները հնարավորություն են ունեցել հանդիսավոր կերպով նշելու Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականն ու Եվրոպական միության կողմից Վրաստանին աջակցությունը։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 500 տեղացի երիտասարդներ։

«Մարդկանց մեկ տարածքում հավաքելը «Կվարելի» եվրաակումբի հիմնական առաքելությունն է։ Այս իրադարձության շնորհիվ տեղի համայնքը հիանալի հնարավորություն ունեցավ համոզվելու, որ իրենք կարող են կառուցել Եվրոպան տանը։ Վրաստանի նախագահի եւ Վրաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ Վրաստանի եվրոպական ձգտումները, հասարակության մեջ երիտասարդության դերը եւ հասարակության համար քաղաքացիական ակտիվության կարեւորությունը քննարկելն իսկապես ոգեշնչող էր»,- ասել է եվրաակումբի հիմնադիր Նիկա Գուրինին։

Եվրոպական խորհրդարանը դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանությունն ու Լեւան Դոթիաշվիլիի առեւանգումը

Նոյեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որը խստորեն դատապարտում է Թամազ Գինտուրիի սպանությունն ու Լեւան Դոթիաշվիլիի ապօրինի առեւանգումը եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննել այս եւ այլ սպանությունները։

Բանաձեւում նշվում է, որ սպանությունն ու առեւանգումը ռուսական օկուպացիոն իշխանությունների կողմից տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 6-ին վարչական սահմանագծի մոտ գտնվող Կիրբալի գյուղում, այսինքն՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդլայնման փաթեթի ներկայացման նախօրեին։ Նոյեմբերի 8-ին Հանձնաժողովն առաջարկել է թեկնածու երկրի կարգավիճակ տալ Վրաստանին:

Բանաձեւում ասվում է, որ Եվրախորհրդարանը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից վրացական Աբխազիայի եւ Ցխինվալի/Հարավային Օսիայի շրջանների ապօրինի օկուպացիան։

Եվրոպական խորհրդարանը նաեւ կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել ԵՄ-ի միջնորդությամբ 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, դուրս բերել բոլոր օկուպացիոն ուժերը եւ ազատ արձակել օկուպացիոն ռեժիմի անօրինական կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ կոչ են անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների նկատմամբ եւ դատապարտել Ռուսաստանի միջամտությունը Վրաստանի ներքին քաղաքականությանը։

Տեքստն ընդունվել է 495 կողմ, 7 դեմ, 50 ձեռնպահ ձայներով։ Այն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Վրաստանի կառավարությունն անցկացրել է գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ համաժողով՝ Եվրամիության ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի աջակցությամբ

Նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիում անց է կացրել գյուղական համայնքների զարգացման համաժողով՝ նպատակ ունենալով բարելավել ոլորտային քաղաքականության բարեփոխումներն ու համակարգումը։ Համաժողովին մասնակցել են պետական ​​գերատեսչությունների եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ եւ գյուղերի զարգացման ոլորտի եվրոպացի փորձագետներ:

Համաժողովն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ։

«Վրաստանի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է գյուղական վայրերում։ Կայուն եւ կլիմայական առումով խելացի գյուղական զարգացումն ուղղակիորեն ազդում է այդ մարդկանց բարեկեցության վրա, ստեղծում հնարավորություններ ձեռնարկատիրության եւ կրթության համար ու բարելավում շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Եվրամիության աջակցությամբ Վրաստանը ձեռնարկել է կարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ գյուղական համայնքների զարգացման ազգային շրջանակն ավելի մոտեցնելու ԵՄ-ի Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը: Այս կարեւոր ոլորտում հաջողության հասնելու համար ապագայում մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ տեղական համայնքների հետ»,- ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Կատալին Հերմանը:

Նա նաեւ նշել է, որ այս համատեքստում ամենակարեւոր բաղադրիչներից մեկը ԵՄ-ի LEADER ծրագիրն է, որը գյուղական զարգացմանը տեղական կարիքներին հարմարեցված ծրագրերի միջոցով աջակցելուն ուղղված ներքեւից վեր նախաձեռնություն է: «Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում Վրաստանում կգործարկվի համապատասխան մեխանիզմ, որը կնպաստի LEADER նախաձեռնության կողմից խրախուսվող գյուղական զարգացման ծրագրերի հանրային ֆինանսավորմանը»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը:

ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի կողմից Վրաստանի գյուղական համայնքների զարգացման աջակցությունը հիմնված է ԵՄ ֆինանսավորմամբ 234,5 միլիոն եվրո բյուջեով Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ/ENPARD) վրա, որն իրականացվում է 2013 թվականից:

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ գործող Մշակութային հարաբերությունների հարթակը փնտրում է մշակութային հարաբերությունների փորձագետներ ամբողջ աշխարհում

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ գործող Մշակութային հարաբերությունների հարթակը հավաքագրում է միջազգային մշակութային հարաբերությունների ոլորտի մի քանի փորձագետների: Նրանց առջեւ կդրվի կրթական եւ ուսումնական նյութեր մշակելու խնդիր, որոնք պետք է հասանելի լինեն ամբողջ աշխարհում ԵՄ պատվիրակությունների եւ Բրյուսելում ԵՄ հաստատությունների անձնակազմին։

Մրցույթին կարող են դիմել փորձագետներ ամբողջ աշխարհից։

Նյութերը կօգտագործվեն տարբեր թվային մոդուլներով առցանց դասընթացի համար՝ նվիրված մշակույթին առնչվող տարբեր խնդիրներին, ինչպիսիք են.

  • Մշակույթ եւ հանրային դիվանագիտություն
  • Մշակույթը եւ ստեղծարար արդյունաբերությունը՝ հանուն տնտեսական աճի
  • Մշակույթ, հակամարտությունների կանխարգելում եւ խաղաղաշինություն
  • Մշակույթ եւ երիտասարդություն
  • Մշակույթ եւ կայուն զարգացում
  • Մշակույթ եւ սոցիալական համախմբվածություն
  • Մշակույթ, մարդու իրավունքներ եւ խոսքի ազատություն
  • Միջմշակութային երկխոսություն եւ մշակութային իրազեկվածություն
  • Մշակույթ եւ ապատեղեկատվություն
  • Մշակույթ եւ հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանում։

Թեկնածուները պետք է ունենան առնվազն 5 տարվա փորձ միջազգային մշակութային հարաբերությունների, մշակութային դիվանագիտության, արվեստի կամ մշակույթի եւ ստեղծարար արդյունաբերության ոլորտներում: Ընտրության ամբողջական չափանիշները կարող եք գտնել այստեղ:

Առաջադրանքների կատարումը պետք է մեկնարկի 2024 թ.-ի փետրվարին եւ ավարտին հասցվի մինչեւ 2024 թ.-ի հունիս:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թ.-ի հունվարի 15-ը, ԿԵԺ ժամանակով ժամը 9:00-ն:

Մշակութային հարաբերությունների հարթակը ԵՄ ֆինանսական աջակցությամբ գործող ծրագիր է, որը կապում է մշակութային գործիչներին ամբողջ աշխարհում՝ երկխոսության, փոխանակման եւ համագործակցության նպատակով: Այն նաեւ միջազգային մշակութային հարաբերությունների ոլորտային փորձ է փոխանցում ԵՄ-ին։

Ծրագիրն իրականացվում է Բրյուսելի Գյոթե ինստիտուտի կողմից՝ Եվրոպական մշակութային հիմնադրամի, Ժամանակակից կատարողական արվեստի միջազգային ցանցի եւ Սիենայի համալսարանի հետ համատեղ:

ԵՄն գործարկել է միջսահմանային համագործակցության եւ բազմակարծության թեմայով լրագրողական առաջարկների երկու մրցույթ Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար

Եվրոպական միությունը հոկտեմբերի 26-ին հայտարարել է լրագրողական համագործակցության առաջարկների նոր մրցույթ, որն ունի երկու ուղղվածություն՝ միջսահմանային համագործակցություն եւ տեղական ԶԼՄ-ների բազմակարծություն: Ծրագիրն անկախ լրատվամիջոցներին կօգնի դառնալ ավելի կայուն եւ դիմակայուն ու կխթանի լրատվամիջոցների ազատության, բազմակարծության եւ քաղաքացիական մասնակցության հիմնական սկզբունքների նկատմամբ հարգանքը:

Առաջին՝ «Համագործակցություններ» ուղղությունը նպատակ ունի նպաստել ԶԼՄ-ների փոխակերպմանը, վստահելի լուսաբանմանը եւ լրատվական մեդիա մասնագետների հմտությունների զարգացմանը, օրինակ՝ մեդիա արտադրության ստանդարտներ, բիզնեսվարման նոր մոդելներ, նոր տիպի խմբագրություններ եւ լրագրողական ձեւաչափեր մշակելու, ինչպես նաեւ լավագույն փորձով փոխանակվելու միջոցով: Ընդհանուր բյուջեն կազմում է 6 միլիոն եվրո, որից յուրաքանչյուր ծրագրի համար կարող է հատկացվել առավելագույնը 2 միլիոն եվրո, որը, իր հերթին, պետք է կազմի ընդհանուր ծախսերի 80%-ը:

Երկրորդ՝ «Բազմակարծություն» ուղղությունը նպատակ ունի աջակցել ժողովրդավարության եւ քաղաքացիական մասնակցության համար հատուկ նշանակություն ունեցող լրատվական ոլորտներին, մասնավորապես՝ տեղական եւ տարածաշրջանային լրատվամիջոցներին, համայնքային լրատվամիջոցներին, հետաքննող լրագրությանը եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող նորություններ մատուցող կազմակերպություններին: Մրցույթը նախատեսված է մեդիա ոլորտում կասկադային դրամաշնորհների տրամադրման փորձ ունեցող կազմակերպությունների համար։ Ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիոն եվրո, որից միավոր ծրագրին կարող է հատկացվել առավելագույնը 3 միլիոն եվրո, որը, իր հերթին, պետք է կազմի ընդհանուր ծախսերի 90%-ը:

Երկու մրցույթներին կարող են մասնակցել ԵՄ անդամ պետություններում եւ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում գործող կազմակերպությունները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 14-ը:

Դրամաշնորհները ներառում են «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի միջոլորտային ուղղությունը՝ համաձայն 2024 թվականի աշխատանքային ծրագրի, եւ կառավարվելու են Եվրոպական հանձնաժողովի Կրթության եւ մշակույթի գործադիր գործակալության (EACEA) կողմից:

Միջոլորտային ուղղությունն անդրադառնում է մեդիա ոլորտի կառուցվածքային եւ տեխնոլոգիական փոփոխություններին` խթանելով անկախ եւ բազմակարծիք մեդիա միջավայրը: Այն նաեւ աջակցում է բարձրորակ մեդիա արտադրության ստանդարտներին՝ խթանելով համագործակցությունը, թվային հմտությունները, միջսահմանային համագործակ

Հաստատվել է Եվրոպական կրթական հիմնադրամի 2024 թ.-ի աշխատանքային ծրագիրը

Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) ստացել է իր 2024 թվականի աշխատանքային ծրագրի հաստատումը։ Ռազմավարական պլանը հաստատող կոլեգիայում ընդգրկված էին ԵՄ անդամ երկրների եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդներ։

ETF-ի 2024 թվականի աշխատանքային ծրագրում առաջնահերթություն է տրվում գործընկեր երկրներին, հատկապես՝ թեկնածու եւ Եվրոպական միության հետ երկկողմ ասոցացման համաձայնագրեր ունեցող երկրներին: Այդ երկրներից մեկը Վրաստանն է։

Ըստ ծրագրի, հրատապ ուշադրություն պահանջող ոլորտներն են թվայնացումը եւ կրթության ոլորտում նորարարությունը, բնապահպանական հմտությունների զարգացումը, գենդերային հավասարությունը եւ սոցիալական ներառումը:

Բացի այդ, ETF-ն ակտիվորեն կներգրավվի լրացուցիչ արտաբյուջետային ծրագրերում, ինչպիսին Արեւելյան գործընկերության տարածաշրջանին հարմարեցված կրթական ծրագիրն է: Այս կերպ ETF-ը կկարողանա լուծել հատուկ տարածաշրջանային կարիքները եւ նպաստել հմտությունների զարգացմանը շատ ավելի լայն մասշտաբով:

«Հաջորդ տարի մենք կնշենք մեր հաստատության 30-ամյակը եւ կօգտվենք այս ընթացքում ձեռք բերված փորձից։ Մենք կշարունակենք առաջարկել կրթության եւ վերապատրաստման համակարգերի որակյալ մոնիտորինգ եւ վերլուծություն, հմտությունների կանխատեսում եւ քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն՝ ETF-ի փորձը հնարավորինս լայն եւ արդյունավետ կերպով տարածելու համար: Գործընկերների հետ աշխատելը եւ ավելի ու ավելի փխրուն աշխարհաքաղաքական միջավայրը հաշվի առնելը մեր մոտեցման առանցքային մասն է», – նշել է ETF-ի տնօրեն Պիլվի Տորստին:

Radio NOR · Վրաստանի կառավարությունն անցկացրել է գյուղական համայնքների զարգացման համաժողով՝ ԵՄ ֆինանսավորմամբ

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։