1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը՝ Գյումրիում: Անօթևան մնաց 514000 մարդ: Ուղիղ նյութական վնասների արժեքը կազմեց 13 մլրդ. ԱՄՆ դոլար:
1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:
Արհավիրքի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Խորհրդային Միության ղեկավարը պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից: