Ի՞նչ կարող են իրենց թույլ տալ դպրոցները սեփական բյուջեով

Ի՞նչ կարող են իրենց թույլ տալ դպրոցները սեփական բյուջեով

Վրաստանի հանրակրթական հանրային դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից՝ վաուչերային համակարգի միջոցով։ Ինչքան շատ աշակերտ ունենա դպրոցը, այնքան մեծ է նրա բյուջեն: Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցը մունիցիպալիտետի խոշոր դպրոցներից է, այն կարողացել է վերանորոգել և շահագործման հանձնել 3 դասասենյակ։ Փոքր դպրոցները հիմնականում բավարարվում են փոքր ենթակառուցվածքային զարգացումներով կամ հույսը դնում արտաքին ֆինանսավորման վրա: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը.

Յուրաքանչյուր դպրոցի բյուջեն կախված է աշակերտների թվաքանակից, և դպրոցը կարող է ծախսել այս բյուջեն իր հայեցողությամբ՝ փոքրիկ վերանորոգումների, կոմունալ ծառայությունների, աշխատողների աշխատավարձերի մի մասի և այլնի վրա։ Այնուամենայնիվ, այս համակարգը փոքր դպրոցներին դնում է անշահավետ վիճակում՝ աշակերտների փոքր թվի պատճառով նրանց բյուջեն փոքր է, իսկ խնդիրները ոչ պակաս, քան մյուսներինը:

Ախալքալաքի ամենամեծ դպրոցներից մեկը՝ ռուսական թիվ 2 դպրոցը, միշտ էլ աչքի է ընկել աշակերտների մեծ թվով։ Այսօր այստեղ սովորում է մոտ 700 աշակերտ։ Ըստ այդմ, այն ավելի շատ ֆինանսավորում է ստանում վաուչերների միջոցով, և նրա սեփական բյուջեն բավարար է դպրոցի կարիքները բավարարելու համար: Այս տարի դպրոցը՝ օգտագործելով սեփական բյուջեն, վերանորոգել է նախկինում ընդհանրապես չշահագործվող երեք սենյակ՝ դրանով իսկ ավելացնելով դասասենյակների թիվը։

«Այս սենյակները ընդհանրապես չէին շահագործվում, 3 շատ գեղեցիկ դասասենյակ սարքեցինք, քանի որ շատ աշակերտ ունենք, երկրորդ հերթափոխի համար տեղ չկար, դպրոցի ֆինանսներից որոշեցինք վերանորոգում կատարել, որ երեխաներին կարողանայինք տեղավորել»,- մեկնաբանում է թիվ 2 դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը։

Նրա խոսքով, սեփական բյուջեն իրենց միշտ բավարարում էր դպրոցի ծախսերը հոգալու համար։ Ինչպես բաշխել բյուջեն, որոշում է հոգաբարձուների խորհուրդը։

«Գումարները հիմնականում ծախսվում են ենթակառուցվածքի զարգացման վրա, անցած տարի մարզադահլիճը վերանորոգեցինք, դեռ շատ խնդիրներ ունենք առջևում, քիմիայի, կենսաբանության կաբինետ չկա, բյուջեն այնպես ենք ծրագրում, որ ամեն ինչի համար հերիքի»,- նշեց տնօրենը:

Պետությունը սովորողի կրթությունը ֆինանսավորում է Վրաստանի պետբյուջեից՝ յուրաքանչյուր աշակերտի համար հաշվարկված համապատասխան ֆինանսական ստանդարտ վաուչերի համաձայն։ Մեկ աշակերտի համար վաուչերի գումարը մշտապես փոփոխվում է: Ընդ որում, բարձրալեռ շրջաններում մեկ աշակերտի համար վաուչերի չափն ավելի շատ է, քան Վրաստանի մնացած շրջաններում։ Վերջին փոփոխությունների համաձայն՝ ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների վաուչերի գումարն ըստ դասերի բաշխվել է հետևյալ կերպ.

1-ից մինչև 8-րդ դասարանները ներառյալ.

ա) 170-ից ներառյալ 205 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 510 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 711 լարի։

բ) 206-ից ներառյալ 299 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 504 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 708 լարի։

գ) 300-ից ներառյալ 530 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 501 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 693 լարի։

դ) 531-ից ներառյալ 735 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 486 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 672 լարի։

ե) 736-ից ներառյալ 1 269 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 477 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 660 լարի,

զ) 1 269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 474 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 651 լարի։

9-ից 12-րդ դասարանները ներառյալ․

ա) 170-ից ներառյալ 205 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 621 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 852 լարի։

բ) 206-ից ներառյալ 299 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 618 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 849 լարի։

գ) 300-ից ներառյալ 530 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 615 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 828 լարի։

դ) 531-ից ներառյալ 735 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 606 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 810 լարի։

ե) 736-ից ներառյալ 1 269 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 594 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 801 լարի։

զ) 1 269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 579 լարի, բարձր լեռնային շրջաններում՝ 786 լարի։

Իրավիճակը փոքր-ինչ այլ է այն դպրոցների պարագայում, որտեղ աշակերտներն ավելի քիչ են, քան նշված ցուցակներում սահմանված նվազագույն շեմը՝ 170-ը: Այս դպրոցներում բյուջեն որոշվում է վարչական ծախսերի հիման վրա՝ ելնելով դպրոցի ծանրաբեռնվածությունից, աշակերտների թվից և այլ ծախսերից: Օրինակ՝ Ալաստան գյուղի հանրային դպրոցում սովորում է 98 աշակերտ։ Կրթության նախարարության միջոցներով այս պահին դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, իսկ Վարևան գյուղի դպրոցում երեխաները սովորում են երկրորդ հերթափոխով։ Ինչպես նշում է դպրոցի տնօրեն Քրթյան Ռուբենը, իրենց բյուջեն, իհարկե, չէր բավականացնի նման վերանորոգման համար, բայց որոշ մանր հարցեր կարող էին ինքնուրույն լուծել։

«Օրինակ՝ վերանորոգել 1-2 սենյակ, ինչն արել ենք, կամ կոմունալ վճարումները մուծել, աշխատավարձ տալ: Նմանատիպ ծախսեր կարող ենք մեզ թույլ տալ: Իհարկե, ստիպված ենք խնայել, բայց փորձում ենք բյուջեն այնպես պլանավորել, որ բավարարի աշակերտի բոլոր կարիքների համար: Հիմա արդեն, իհարկե, դպրոցը հիմնովին կվերանորոգվի, և սա շատ լավ է»,- մեկնաբանեց նա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում իրավիճակը տարբեր է, որոշ դպրոցներում շենքերն ապահովված են առաջին անհրաժեշտ պայմաններով և արդեն աշխատում են նոր հնարավորություններ զարգացնելու և ավելացնելու ուղղությամբ, իսկ որոշ գյուղերում շենքի վթարային լինելու պատճառով երեխաները չեն կարողանում հաճախել իրենց գյուղի դպրոց և տրանսպորտավորվում են այլ գյուղեր: