Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտնաբերել են դիեր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 58-ամյա Աննա Ա.-ի և 60-ամյա Գևորգ Մ.-ի դիերը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքը՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ կիսամաշված վիճակում են եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։