Հողերի անվճար գրանցումը կվերսկսվի հունվարից

Հողերի անվճար գրանցումը կվերսկսվի հունվարից

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում քննարկվել է 2023 թվականին այդպես էլ չվերսկսված հողերի անվճար գրանցման պետական ծրագիրը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատգամավորներին ասել է, որ ռեեստրի աշխատակիցները տեղում կվերսկսեն աշխատանքը 2024 թվականի հունվարից:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում հաճախ էր բարձրացվում Ախալքալաքում հողերի անվճար գրանցման դադարեցման թեման։ Պատգամավորների հարցերին պատասխանել է Ախալքալաքի Արդարադատության տան Վարչաիրավական հարցերի իրավաբանական ծառայության վարչության պետ Թեյմուրազ Մանվելյանը։

«Իրենց (Արդարադատության նախարարության ներկայացուցիչների) խոսքով, հունվարից պետք է գան և տեղեկություններ հավաքեն, այսինքն՝ որտեղ, ով քանի հողատարածք ունի և այլն: Նրանք մշակել ու կազմել են էլեկտրոնային քարտեզ 45000 հողատարածքով: Դրանից հետո կսկսվի գրանցման գործընթացը: Նրանք կստուգեն փաստաթղթերը, ովքեր ունեն դրանք՝ ըստ փաստաթղթերի կգրանցվեն, իսկ ովքեր չունեն՝ պետք է օրինականացնեն (աղիարեբա): Այսինքն՝ ովքեր չունեն փաստաթղթեր, պետք է վկաներ բերեն, օրինակ՝ համագյուղացիներին կամ հարևաններին, որոնք պետք է հաստատեն, որ այս հողատարածքը կոնկրետ այս անձինն է, որից հետո կօրինականացվի»,- ասաց նա։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հավելեց, որ գրանցման գործընթացում ներգրավված կլինեն նաև տեղական իշխանությունները։

«Գրանցվում է միայն 1,25 հեկտար հողատարածքը, որը բնակչությունն ունի, բացի այդ, եթե դրանք եղել են վարձակալված հողեր, ապա չեն գրանցում, չեն օրինականացնում»,- ասաց Թեյմուրազ Մանվելյանը։

Նրա խոսքով, իրենք պատրաստվում են լրացուցիչ աշխատողներ ընդունել գրանցման գործընթացի համար և նախատեսում են այն ավարտել 2024 թվականի ընթացքում։

Նաիրի Իրիցյանը պատասխանել է պատգամավոր Շիրվան Շիրինյանի հարցին՝ Շևարդնաձեի օրոք ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակներում արված արխիվային լուսանկարների մասին։

«Ես իրենց այս հարցը տվել եմ, ընդունվու՞մ են արխիվային լուսանկարները, որոնք արվել են ԱՄՆ ՄԶԳ ծրագրով, ինձ ասացին, որ դրանք ընդունվում են, բայց լուսանկարները չեն արվել բոլոր 64 գյուղերում»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Թեյմուրազ Մանվելյանը հավելեց, որ որոշ գյուղերում, օրինակ՝ Դիլիսկայում, այս արխիվների տվյալները չեն համընկնում իրականությանը։ Օրինակ՝ ըստ կոդի՝ հողը ցույց է տալիս մի տեղում, իսկ այն իրականում գտնվում է մեկ այլ վայրում։

Գյուղատնտեսական Ախալքալաքի մունիցիպալիտետի համար հողի խնդիրն ամենակարևորներից է։ Տեղում հողերի գրանցման անվճար ծրագիրն ընդհատվելու պատճառով սկսել են անհանգստանալ ոչ միայն բնակիչները, այլև տեղական իշխանությունները։ Ուստի Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն մի քանի անգամ գրավոր դիմում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ հետաքրքրվելով հողերի գրանցման ծրագրի խափանման պատճառներով։

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Հանրային ռեեստրի աշխատակիցները շնորհանդեսով ժամանել էին Ախալքալաք և քաղաքապետարանում պատասխանել տեղական իշխանությունների հարցերին։

Հանրային ռեեստրը գյուղատնտեսական նշանակության հողերի օրինականացման և նույնականացման գործընթացով սկսել է զբաղվել 2022 թվականից։ Գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ՝ ըստ կազմված ժամանակացույցի։ Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցումը, ըստ ժամանակացույցի, սկսվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Դիլիսկա գյուղում, սակայն 2023 թվականին այն չի վերսկսվել։ jnews.ge