Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները սեպտեմբերի 4-ից վերահսկում են Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումում շարժվող ավտոմոբիլների արտանետումները։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվության համաձայն՝ օրենքի կիրարկումից հետո 3 ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանված նորմերը չկատարելու համար վարչության շարժական բրիգադների կողմից տուգանվել է 2460 իրավախախտ։
«Գերատեսչության աշխատակիցներն ամենաշատը հայտնաբերել են՝ 1149 խախտում Թբիլիսիում, 525 խախտում գրանցվել է Քութայիսիում, 432՝ Բաթումում, 354՝ Ռուսթավի քաղաքում։
2460 տույժ-անդորրագրերից 2114-ը գրվել են ֆիզիկական անձի անունով։ 346 դեպքով բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները տուգանել են իրավաբանական անձանց։
Նշենք, որ մեքենաների վարորդների համար կազմվել է 1451 տուգանքի անդորրագիր, երթուղայինների վարորդների համար՝ 851, բեռնատարների վարորդների համար՝ 157, ավտոբուսի վարորդների համար՝ 1։
Ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափն առաջին անգամ կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300 լարի, երրորդ անգամ՝ 600 լարի՝ ավտոմեքենաների արտանետումների օրենսդրությամբ սահմանված նորմերը չպահպանելու համար։ Իրավաբանական անձի դեպքում տուգանքը կազմում է 500, 1500 եւ 3000 լարի: Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կկրճատվի 20%-ով։
Քաղաքացիները տուգանքները կարող են ստուգել Բնապահպանական վերահսկողության վարչության կայքում՝ www.des.gov.ge; Տուգանքը հնարավոր է վճարել ՆԳՆ www.videos.police.ge կայքի միջոցով»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։