Դեկտեմբերի 9-ին` ժամը 00:23-ին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Փոխանցում է radioaurora-ն։
Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված անձանց ձերբակալելու մասին։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են դեպքերին ականատես վկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:
Միաժամանակ, ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:
Նշված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ներգործության և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով: