ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն

Վրացի վերլուծաբանների կարծիքով, Վրաստանը, հավանաբար, Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա: Ըստ վերլուծաբանների, սակայն, ԵՄ թեկնածության շնորհումն ավելի շատ կլինի քաղաքացիների ձեռքբերումը. իշխանությունը միայն ֆորմալ կերպով է աջակցում ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը:

Հայագետ, վերլուծաբան, «Էթնիկական և կրոնական կապերի կենտրոն»-ի ղեկավար Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ Եվրահանձնաժողովի որոշման մեջ (նոյեմբերի 8-ի- խմբ.) շատ հստակ նշված է, որ Վրաստանը 12 հանձնարարականներից կատարել է միայն 3-ը, այդ իսկ պատճառով հիմա ունի 9 կետից բաղկացած նախապայման: Վերլուծաբանը հուսով է, որ դեկտեմբերի 14-15-ին Թբիլիսին կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակը:

«ԵՄ թեկնածուի կարգավիճակը, բնականաբար, պարտադիր է, բայց՝ բավարար չէ: Շատ կարևոր է՝ որքան հնարավոր շուտ մենք ևս սկսենք ԵՄ անդամակցության բանակցությունները՝ ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում, և վերադառնանք «Ասուցացման եռյակի» լիդեր կարգավիճակին»,- ասաց Ջեջելավան:

Ըստ նրա՝ իշխանությունը մինչև հիմա ցանկություն չի ունեցել և հետո էլ չի ունենա կատարելու Եվրամիության հանձնարարականները: Նրա խոսքով, Եվրահանձնաժողովի որոշման մեջ շատ հստակ նշված էր, որ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու հանձնարարականը տրված է վրաց ժողովրդի ցանկությանը համապատասխան, և դա վրաց ժողովրդի համար «ավանս է»:

Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեի խոսքով, եթե դեկտեմբերի 15-ին Վրաստանը ստանա ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, և դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, ապա դա, անկասկած, լուրջ առաջընթաց կլինի Եվրամիությանը լիիրավ անդամակցության ճանապարհին.

«Իհարկե, սա կլինի վրաց ժողովրդի, Վրաստանի բնակչության, մեր երկրի իշխանության ու ժողովրդի, ընդդիմության ու յուրաքանչյուր քաղաքացու վաստակն ու ճանաչումը։ Սա անկասկած է»:

Քաղաքագետի պնդմամբ, սակայն, այս ամենը չի երաշխավորում, որ Վրաստանի քայլը դեպի Եվրոպա անշրջելի գործընթաց է. կան բազմաթիվ վտանգներ, որոնք կփոխեն իրադարձությունների ապագա զարգացումը, եթե երկիրը պատշաճ պատրաստակամություն չցուցաբերի նման իրավիճակին.

«Դրա պատճառներից է, օրինակ այն, որ իշխանությունը հասարակության հետ չունի ինտենսիվ և արդյունավետ կապ, ընդդիմությունը չի կարողանում կատարել իր առաջնային և հիմնական գործառույթը, լրատվական տարածքը բաժանվել է երկու թշնամական ճամբարների և վերածվել պարզունակ քարոզչական գործիքի և այլն»:

Ի դեպ, նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9-ը նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Նոր վերապահում է ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։ Ներկայում Վրաստանի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ գերազանցում էր 60 տոկոսը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

Եվրահանձնաժողովը կանաչ լույս է տվել Ուկրաինային և Մոլդովային՝ սկսելու ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցում հաջորդ քայլն է:

Նոյեմբերի 9-ին Վրաստանի ընդդիմադիրները հայտարարեցին՝ տվեք մեզ հնարավորություն, և Եվրահանձնաժողովի բոլոր ինը նախապայմանները կկատարվեն ամենակարճ ժամկետում՝ առանց որևէ խնդրի:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով, Վրաստանը շատ բան է արել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, թեև կարելի էր ավելին անել: Ըստ նրա՝ վերջին օրերին ևս բազմաթիվ նոր նախաձեռնություններ են եղել ի նպաստ բարեփոխումների: Նրա խոսքով, բարեփոխումները պարտադիր են այդ և հետագա քայլերի համար` մինչև Վրաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ: Դեսպանը հույս է հայտնել, որ 27 պետություններ հաշվի կառնեն նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի տված դրական հանձնարարականը։

Ընդգծենք՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Մոլդովան և Ուկրաինան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացավ եվրոպական հեռանկար և 12 հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն կարգավիճակ ստանալու համար։

Aliq.ge