Եվրահանձնաժողովի բոլոր վերլուծությունները և առաջարկները շատ դրական են, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բորելն այս հայտարարությունն արել է Բրյուսելում, որտեղ կայանում է «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Բորելը Վրաստանին կոչ է արել շարունակել Եվրահանձնաժողովի նշմարած ճանապարհով շարժվել:
«Լավ նորությունն այն է, որ Վրաստանն առաջ է շարժվում դեպի անդամակցություն: Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր ամուր աջակցությունը։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք մեծացնել այդ աջակցությունը և ինչպես կարող ենք շարունակել «Արևելյան գործընկերությունը» թողնել մեր օրակարգում, քանի որ սա մեր արևելյան սահմանն է, իսկ մեր արևելյան սահմանն աշխարհում այն վայրն է, որտեղ աճում են թեժ կետերը», — ասել է Բորելը:
Հարցին, թե արդյո՞ք ընթացիկ շաբաթը հաջողակ կլինի Վրաստանի համար, որը սպասում է թեկնածուի կարգավիճակին, Բորելը պատասխանել է. «Վրաստանը լավ է ընթանում։ Եվրահանձնաժողովի բոլոր վերլուծություններն ու առաջարկները շատ դրական են: Ես կոչ եմ անում Վրաստանին շարունակել այս ճանապարհը»:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը ասել է, որ «Արևելյան գործընկերության» ապագան կախված է ուրբաթ օրը կայանալիք որոշումներից:
Հարցին, թե ինչպիսի՞ն է Լիտվայի դիրքորոշումը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ և արդյո՞ք երկիրը կողմ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, Լանդսբերգիսը պատասխանել է. «Կարծում եմ, որ դրանից հետո մենք կտեսնենք միանգամայն այլ Արևելյան գործընկերություն։ Հուսով եմ՝ մենք կտեսնենք «Արևելյան գործընկերության» նոր ձև, ինչը նշանակում է, որ «Արևելյան գործընկերության» շատ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, ավելի քան երբևէ կմոտենան Եվրոպային։ Վրաստանն ունի մեր աջակցությունը»:
«Արևելյան գործընկերությունը» (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները: ԵՄ-ի հարաբերություններն իր հարևանների հետ կարգավորվում են ԵՄ-ի գլոբալ ռազմավարությամբ և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությամբ, որոնք ԵՄ-ի արևելյան հարևանների կայունության և դիմակայունության բարելավման ուղղությամբ ջանքերի կենտրոնացման կոչ են անում:
Ի դեպ, նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։ aliq.ge