Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհը վերջապես վերանորոգվում է

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհը վերջապես վերանորոգվում է

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը արդեն երկար ժամանակ քանդված է: Ճանապարհին գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։

NOR ռադիոկայանը բազմիցս դիմել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ (գրավոր և հեռախոսազանգով)՝ տեղեկանալու այս խնդրի լուծման համար նախատեսված աշխատանքների մասին, սակայն մինչ օրս պատասխան չէր ստացել։ Երեկ կրկին նյութ է հրապարակվել և նամակ ուղարկվել բաժին՝ պատասխան ստանալու համար։

Այսօր՝ դեկտեմբերի 14 -ին, Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին դեպի Սաթխա տանող խաչմերուկում անցկացվում էր վերանորոգման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացնում է «Արալ» ճանապարհաշինարարական ընկերությունը, Վրաստանի ճանապարհային վարչության պատվերով։

«Արալ» ընկերության աշխատակցի խոսքով․ «Այս պահին հանվում է ասֆալտի վերին շերտը և ընթացքում տեղը կլցվի նորը։ Հստակ չենք կարող ասել թե քանի մետր ճանապարհ կվերանորոգվի, միայն գիտենք այն որ որտեղ կան գոյացած փոսեր՝ դրանք կվերանորոգվեն»։

Նշենք, որ Նինոծմինդայում հիմնական երթևեկությունը տեղի է ունենում Ազատության փողոցով, որտեղ օրական անցնում են հազարավոր մեքենաներ և բազմաթիվ բեռնատարներ շարժվում են դեպի Հայաստան և հակառակը՝ Հայաստանից Վրաստան։

Կարդացեք նաև՝