Վրաստանը և Մոլդովան Գերմանիայի Օրենսդիր ժողովի Վերին պալատի կողմից ճանաչվել են անվտանգ երկրներ, հայտնում է Առաջին ալիքը գերմանական լրատվամիջոցներին հղումով։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ երկիրը համարվում է անվտանգ, եթե նրա քաղաքացիները հետապնդման վտանգի տակ չեն՝ որևէ ռասայի, կրոնի, ազգության, սոցիալական խմբի կամ քաղաքական հայացքների պատճառով։
Ըստ այդմ՝ Վրաստանի քաղաքացիներին առանց իրական պատճառի այլեւս ապաստան չի տրվի, իսկ ապաստանի դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի։ Գերմանիան ապահով երկրների ցանկում ավելացրել է նաև Մոլդովան։
Այսօր Վրաստանն ու Գերմանիան համաձայնություն ունեն ապօրինի քաղաքացիների հետընդունման մասին։
2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է Վրաստանի 1486 քաղաքացի։
Նախկինում Վրաստանն արդեն անվտանգ երկիր էին ճանաչել Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Բուլղարիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը և Իսլանդիան։
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիների ապաստանի դիմումների 99,9%-ը ստացել է բացասական պատասխան։
Անցյալ տարի Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 8865, Մոլդովայի 5218 քաղաքացի։
2017 թվականի մարտից Վրաստանի քաղաքացիները ստանում են առանց վիզայի կարճաժամկետ ուղևորությունների իրավունք դեպի Շենգենյան գոտու երկրներ (90 օր 180 օրվա ընթացքում) զբոսաշրջության, գործնական և հյուրերի այցերի նպատակով։
Վրաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին պահպանել ԵՄ երկրներում գտնվելու կանոնները, քանի որ դրանց խախտումը կարող է վտանգել առանց վիզայի ռեժիմը։
Երկիրը մի շարք միջոցներ է ձեռնարկել այլ երկրներ անօրինական միգրացիան կանխելու համար։ Մասնավորապես, իշխանությունները խստացրել են օրենսդրությունը ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը խախտողների նկատմամբ։
Բացի այդ, խստացվել է ազգանվան փոփոխության կարգը, քրեական պատիժներ են մտցվել անօրինական միգրացիան հեշտացնելու համար։