Եղեւնու հատման տուգանքը կհասնի 5000 լարիի

Եղեւնու հատման տուգանքը կհասնի  5000 լարիի

Նախաամանորյա ժամանակահատվածում բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունները խստացնում են հսկողությունը փշատերև ծառերի արդյունահանման և տեղափոխման ուղղությամբ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ Ազգային անտառտնտեսության գործակալության «Մի՛ կտրիր ծառը» ակցիային միացել են հայտնի անձինք և կրկին կոչ են արել բնակչությանը տոնի առթիվ օգտագործել արհեստական ​​տոնածառ։

Առաջին անգամ փշատերեւ ծառերի տեղափոխման եւ իրացման կարգը խախտելու համար տուգանքը կազմում է մինչեւ 2000 լարի, կրկնվելու դեպքում՝ 5000 լարի, դրան գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե ​​վնասի չափը գերազանցում է 1000 լարին, անձի նկատմամբ կիրառվում է քրեական պատասխանատվություն։

«Փշատերեւ օրինական ճանապարհով կարելի է ձեռք բերել տնկարաններից, տնային այգիներից, ինչպես նաև ներմուծել: Օրինական ճանապարհով ձեռք բերված բույսերի վաճառքի դեպքում վաճառողը պետք է ներկայացնի ծառի օրինական սեփականության իրավունքը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Եթե ​​փշատերեւ բույսը ձեռք է բերվում մասնավոր հողամասից կամ արհեստականորեն աճեցվում է տնկարանում, բույսերը տեղափոխելու համար անհրաժեշտ է տեղական քաղաքապետարանի կողմից տրված ծագման վկայական»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։