Արդեն մի քանի ժամ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցներն աշխատում են քաղաքի կենտրոնում խցանված կոյուղագիծը մաքրելու ուղղությամբ։
Այսօր առավոտյան Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցում կոյուղու խափանում է եղել։ Կոյուղաջրերը հոսել են ամբողջ փողոցով, ինչից տհաճ հոտ էր տարածվել։
Ջրամատակարարման ծառայության մասնագետների խոսքով, խցանման պատճառը հենց բնակիչների անփութությունն է եղել։ Սա խցանման առաջին դեպքը չէ, որ տեղի է ունենում այն պատճառով, որ բնակիչները անզգույշ են և կոյուղու համակարգ են լցնում այն ամենը, ինչ պատահի։ Խցանման գծի մոտավորապես 50 մետր երկայնքով մեծ քանակությամբ կտոր է հայտնաբերվել, ինչը խցանման պատճառ է հանդիսացել:
Նշենք, որ հաճախ խցանումների պատճառը հենց բնակիչների անփույթ վերաբերմունքն է։ Բնակիչները գոմերի կոյուղին միացնում են քաղաքային կոյուղագծին և առաջացնում խցանում:
Հավելենք, որ Նինոծմինդա քաղաքում, բացի խցանված կոյուղագծերից, բնակիչները հաճախ դժգոհում են կոյուղու դիտահորերի վիճակից։ Լայնածավալ ծրագրի շրջանակում Միացյալ ջրամատակարարման վարչությունը 2024 թվականին կիրականացնի վերանորոգման աշխատանքներ՝ կոյուղու դիտահորերը փոխարինելու և ջրամատակարարման համակարգը թարմացնելու նպատակով։